կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-08 20:11
Իրավական

«Թզբեհը գցեցին դեմս, ասացին՝ սովորի, որ գաղութում գցես». աղմկոտ սպանության գործով ցուցմունք տվեց կին վկան

«Թզբեհը գցեցին դեմս, ասացին՝ սովորի, որ գաղութում գցես». աղմկոտ սպանության գործով ցուցմունք տվեց կին վկան

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա Վարդիկ Մկրտչյանը: Նա հայտնեց, որ որպես հավաքարար է աշխատում Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահում:

Հիշեցնենք, որ աղմկոտ սպանությունը տեղի է ունեցել «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում:

Վկան իր ցուցմունքում հայտնեց, որ դեպքից առաջ փորձաշրջան է անցել գեղեցկության սրահի տնօրենի՝ Անժելայի (խմբ. գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կինը) մոտ, այնուհետև ընդունվել աշխատանքի: Նա հայտնեց, որ երեք շաբաթ փորձաշրջանի մեջ էր, երբ դեպքը պատահել է: Նշենք սակայն, որ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ մեկ տարի է, ինչ աշխատում է տվյալ գեղեցկության սրահում:

Վկան դատարանում, նայելով գործով ամբաստանյալներին, հայտնեց, որ նստածներից ճանաչում է Գեղամին: Խոսքը գործով ամբաստանյալ, «չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի մասին է:

Վկան հայտնեց, որ առանց ակնոցների է եկել դատարան և չի կարող կարդալ իր իրավունքների և պարտականությունների, ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ հուշաթերթիկը:

Դատավորի պարզաբանումից հետո միայն վկան ստորագրեց հուշաթերթիկը, հայտնելով, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Նա պատմեց, որ դեպքի օրը գեղեցկության սրահ է եկել Ռուբենը, ով վարսավիր Ալբերտի հաճախորդն էր: Նշենք, որ խոսքը այս գործով նախկին մեղադրյալ Ռուբեն Խաչատրյանի մասին է, որ այս գործով վկայի կարգավիճակ ունի: Նախաքննության ընթացքում 8 ամիս անազատության մեջ մնալուց հետո, նրա մասով գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

Ռուբեն Խաչատրյանն, ում անունն այսօրվա նիստին դատակոչված վկաների ցանկում էր, դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ դատարան: Նա երկու տեղեկանք էր ներկայացրել՝ տրված շտապօգնության բրիգադի բժիշկների կողմից: Սակայն մեղադրող դատախազները նկատեցին, որ հիշյալ վկան ստացիոնար բուժման մեջ չի գտնվում և նրա ներկայությունը դատական նիստին բացառող հանգամանքներ չկան:

Մեղադրողները միջնորդեցին այս վկային դարձյալ ծանուցել և հրավիրել դատարան:

Ինչևէ, անդրադառնալով վկա Վարդիկ Մկրտչյանի հարցաքննությանը, նշենք, որ նա իրարամերժ տեղեկություններ էր հայտնում դատարանին՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ մեծ կին է, հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Նա իր ցուցմունքում նկարագրեց, թե ինչպես էին երկու հոգի մի ջահել տղայի ձեռքերից ու ոտքերից բռնած գեղեցկության սրահից դուրս հանում:

«Հետո իմացա, որ այդ տղան Գևորիկն էր (խոսքը սպանված, 25-ամյա Գևորգ Ավետիսյանի մասին է): Հետո տեսա, թե ինչպես է Արամը ձախ կողքը բռնած դուրս գալիս»,-պատմեց վկան՝ նշելով, որ ինքը դա տեսնելով վախից սկսել է դողալ:

Վկան հայտնեց, որ գեղեցկության սրահում մի երկու կաթիլ արյուն է եղել, ինչը ինքը մաքրել է, սակայն թե ինչ է եղել նկուղում, տեղյակ չէ, երբևէ նկուղում չի եղել:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքում վկան մանրամասներ է հայտնել նկուղում եղած հետքերը վերացնելու մասին: «Ինձ կանչեց Անժելան, ասաց հատակը մաքրիր: Էնտեղ կոտրված կավի հետքեր կային, ծխախոտի մնացորդներ ու արյան հետքեր»,-իր նախաքննական ցուցմունքում նշել էր վկան:

Վարդիկ Մկրտչյանը դատարանում հայտնեց, որ իրեն դեպքից հետո տարել են բաժին, որտեղ ահաբեկել և նվաստացրել են: «Ահաբեկելով, կոպիտ խոսելով էս սենյակից էն սենյակն էին տանում: Ասում էին՝ հեսա քեզ կտանենք կանանց գաղութ՝ նոր կիմանաս: Թզբեհը գցեցին դեմս, ասացին՝ սովորի, որ Աբովյանի գաղութում գցես»,-պատմեց վկան և հավելեց, որ բաժնում իրեն անգամ ցանկացել են ծեծել, ստորացնել:

Դատախազի հարցին, թե ինչու՞ իր նկատմամբ կատարված ենթադրյալ ճնշումների մասին չի բողոքել, վկան պատասխանեց. «Ու՞մ բողոքեի, միսն էլ ա իրանց ձեռը, դանակն էլ»:

Դատախազի մյուս հարցին, թե ինչ-որ մեկը ձեզ ուղղորդե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ:

«Սաղ իմ խելքով եմ գրել»,-ասաց նա, սակայն որոշ ժամանակ անց ինքն իրեն հակասելով հայտնեց, որ նախաքննական ցուցմունքներն ինքը չի գրել: Ավելին, նրա խոսքով՝ քննիչներն իրեն ամբողջ գիշեր պահել են, անընդհատ հարցեր տվել, վիրավորել:

Ի դեպ, հիշյալ վկայի հարցաքննության ընթացքում նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց մեղադրող դատախազ Քյարամյանի նկատմամամբ՝ առանց նախագահողի թույլտվության տեղից հայտարարություն անելու համար:

«Դատավորի հարցերին պատասխանեք ոտքի կանգնած, կրկնվող և հուշող հարցեր մի տվեք»,- հայտարարեց դատավորը: Երբ դատախազը պարզաբանեց, որ ինքը վկային ընդամենը հարցեր է ուղղում, իսկ քրեադատավարական որևէ նորմով սահմանված չէ վկային կանգնած հարցեր ուղղելը, դատավորը բարկացավ նրա վրա՝ սպառնալով հերթական սանկցիան կիրառել և դատական նիստը հետաձգել:

«Կարող եք կրկնվող հարցերը հանել»,-արձագանքեց դատախազն, ինչին ի պատասխան դատավոր Նելլի Բաղդասարյանը ասաց. «Նախագահող դատավորը ձեր խորհուրդների կարիքը չունի»:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև սիրիահայ Ջորջ Քրդանյանը: Դատավորը նշված վկայի անձնական տվյալները ճշտելու հնարավորություն չունեցավ, քանի որ վկան դատարան էր ներկայացել սիրիական անձնագրով:

Վկան, ով դժվարությամբ էր խոսում հայերեն և ընկալում իրավաբանական տերմինները, դատարանից հայտնեց, որ չգիտի, թե ինչու են իրեն, որպես վկա ներգրավվել, քանի որ ինքը ոչինչ չի տեսել: Վկան հայնեց, որ մեկ տարի է, ինչ բնակվում է Շիրակի փողոցում, իսկ գեղեցկության սրահը գործում է իրենց շենքի հարևանությամբ: Նա հայտնեց, որ պատուհանից տեսել է հավաքված մարդկանց, սակայն չի իմացել, թե ինչ դեպք է եղել:

Հաջորդիվ հարաքննվեցին այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի հարազատները:

Թագուհի Մելքոնյան