Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները,՝ մասնավորապես`սպանվածների հագուստները, դեպքի վայրում՝ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղի բազմողների վրայի գորգերը, բարձը: Այսօր պետք է հետազոտվեին նաև գործի համար էական նշանակություն ունեցող դանակը, պարկուճները, ձայնային կրիչները: Սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը նկատեց, որ այդ իրեղեն ապացույցները չկան, և ընդմիջում հայտարարեց` դրանք հայտնաբերելու համար:
Թե ինչո՞ւ կարևորագույն ապացույցները չէին բերվել դատարան, և արդյո՞ք դրանք գոյություն ունեն, հայտնի չէ:
Ընդմիջումից հետո դատավորը կողմերին տեղեկացրեց, որ այդ ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, քանի որ ժամը 15:00-ին դատարանը ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով:
Datalex.am տեղեկատվական համակարգում, սակայն, ժամը 15:00-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նշանակված որևէ դատական նիստ չկար:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են հայտնի քրեական հեղինակություն Նորադուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: Պետրոս Իսրայելյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկեցնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել:
Այնուհետև, նախնական համաձայնության գալով, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն, հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` անհրաժեշտ պաշտպանության համար ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից: