Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրող դատախազին շուրջ 5 ամիս է` չի հաջողվում հրապարակել մեղադրական եզրակացությունը, քանի որ դատական նիստերն անհարկի ձգձգվում են:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդի՝ Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը կարծիք հատնեց, որ պաշտպանական կողմը միտում ունի չարաշահելու իր իրավունքները՝ ամեն ինչ անելով, որպեսզի դատաքննությունը չսկսվի:
Պաշտպանն անդրադարձավ գործով առանցքային նշանակություն ունեցող փակ վկաներից մեկին, ով վերջերս լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել և դեպքից ամիսներ անց հերքել նախաքննական մարմնին տված ցուցմունքները: Իր հարցազրույցում փակ վկան պաշտպանում էր գործով ամբաստանյալ Խաչիկ Քոսյանին և դժգոհում վարույթն իրականացնող քննիչից: Պետրոսյանը հայտնեց, որ ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ վկայի մասով գործ է քննվում:
«Բոլորն էլ գիտեն` ինչպես է տեղի ունեցել դեպքը և ամբաստանվողներն ինչպիսի դիրք ունեն Էրեբունիում: Նրանք կարողանում են իրենց գործողություններով ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի գործով անցնող վկաները ճնշվեն: Ակնհայտ է, որ, ամբաստանյալների հարազատներին ահաբեկելով, ամեն միջոց գործադրելով, հասել են նրան, որպեսզի բացահայտեն փակ վկային»,- ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվել այն բանից հետո, երբ պաշտպանության տակ վերցված վկայի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց: Ըստ նրա` նախ պետք է պարզել, թե ինչպես ստացվեց, որ պաշտպանության տակ վերցված վկան դեպքից ամիսներ անց սկսեց նման հայտարարություններ անել, չէ՞ որ նույն վկան մի քանի անգամ հարցաքննվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, և եթե լինեին նման տվյալներ, նա կներկայացներ: Պաշտպանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է` փակ վկայի նկատմամբ ամբաստանյալների հարազատների կողմից խորթ մեթոդներ են կիրառվել:
«Գործի նախաքննությունը երկար է տևել և այդ վկան նախազգուշացված է եղել սուտ ցուցմունք տալու համար, և եթե դա այդպես լիներ, նա դիմում կներկայացներ նախաքննական մարմնին կամ դատարանին, կհրաժարվեր պաշտպանության միջոցներից և նոր լրատվամիջոցներին հարցազրույց կտար»,- ասաց նա:
Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, անդրադարձավ պաշտպանական կողմի այն պնդմանը, թե դատավորը կողմնակալ է: Նրա խոսքով՝ քրեական գործի նյութերում երկու կողմերի ներկայացրած փաստաթղթերն էլ առկա են, և պաշտպանական կողմը հանգիստ կարող է դրանք վիճարկել դատաքննության ընթացքում:
Նա նաև անդրադարձավ գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի մոր՝ Նարինե Հակոբյանի հայտարարություններին և նախագահին ուղարկված նրա նամակին: Յուրի Հակոբյանի մայրը նամակ է հղել հանրապետության նախագահին և հայտնել, որ իր տղան պատվով ծառայել է բանակում, և այժմ անմեղ դատապարտում են: Մինչդեռ, Մեյթիխանյանի խոսքով, գործի նյութերում առկա է փաստաթուղթ այն մասին, որ Յուրի Հակոբյանը բանակում ծառայելիս զինվորին ոչ հարիր պահվածք է ունեցել, ծեծել և ստորացրել է այլ զինվորների և դրա համար 2 տարվա ազատազրկման դատապարտվել, ապա համաներմամբ ազատվել պատժի կրումից:
«Հարց եմ տալիս` բանակում դատվածություն ունեցող, խուլիգանություն կատարածի մայրն իրավունք ունի՞ նախագահին նամակ գրելու և ասելու, որ տղան պատվով է ծառայել բանակում»,- ասաց նա՝ նշելով որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի գործն արդար լուծում գտնի:
«Դատաքննությունը կսկսվի, նրանց պաշտպանները կապացուցեն, որ այդ տղաներն անմեղ են, ուրեմն թող ազատվեն, ես միայն ուրախ կլինեմ դրա համար, սակայն եթե նրանք կատարել են այդ հանցանքը, նրանք պետք է պատախան տան»,- ասաց Մեյթիխանյանը: