կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 17:01
Իրավական

Ճվճվ Արոն փորձել էր պարտքը հետ ստանալ. աղմկոտ սպանությունների գործով վկան մանրամասներ է պատմում

Ճվճվ Արոն փորձել էր պարտքը հետ ստանալ. աղմկոտ սպանությունների գործով վկան մանրամասներ է պատմում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին գործով վկաներ Լևոն Մեսրոպյանն ու Միսակ Միրիջանյանը: Եվս 5 վկա կհարցաքննվի, երբ հաջորդող դատական նիստերին հնարավոր լինի ապահովել նրանց ներկայությունը:

Վկա Լևոն Մեսրոպյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (խոսքը Պետրոս Իսրայելյանի մասին է): Նա պատմեց, որ 2016-ի հոկտեմբերին իրեն է զանգահարել Արա Վարդանյանը, ով այդ ընթացքում հիվանդանոցում պառկած է եղել (խոսքը հանրությանը հայտնի Ճվճվ Արոյի մասին է, ով մահացել է 2017-ի հուլիսի 7-ին): Վկայի խոսքով՝ Արոն իրեն հարցրել է` արդյո՞ք ճանաչում է Վարդենիսցի Վահագին (խոսքն այս գործով վկա, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Մանուկյանի մասին է: Համաձայն գործի նյութերի՝ Մանուկյանը տարիներ առաջ 20.000 ԱՄՆ դոլար պարտք է վերցրել Ճվճվ Արոյից, որից վերադարձրել է 18.000-ը):

Վկա Լևոն Մեսրոպյանը դատարանին հայտնեց, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արոն փորձել է Վահագից հետ ստանալ 2000 դոլար պարտքը: Վկայի խոսքով՝ ինքն Արոյին հայտնել է, որ կգտնի Վահագին: «Մուշեղն էլ էր հիվանդանոցում (սպանվածներից մեկը.- խմբ.): Ինձ ասաց` թող Վահագը գա, ինձ տենա, Արոն պառկած ա, թող Արոյին չտենա»,- ասաց նա և հավելեց, որ սպանության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, իսկ դեպքից հետո եղել է ՌԴ-ում:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց նաև այս գործով վկա Միսակ Միրիջանյանը: Նա հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ ունի գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի և Բդո մականունով Արմեն Գասպարյանի հետ: Ըստ Միրիջանյանի` իր հայրը վիրաբույժ է, 5-6 տարի առաջ Ալիկի մայրը վիրահատվել է իր հոր մոտ, այդտեղից էլ սկսվել է իրենց մտերմությունը:

Նա հայտնեց, որ Ալիկը հեռախոսահամար չունի, իսկ Արմեն Գասպարյանն իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից: Համաձայն նախաքննական նյութերի՝ դեպքից հետո Արմեն Գասպարյանը զանգահարել է Միսակ Միրիջանյանին՝ նրա միջոցով փորձելով ճշտել` հրազենային վնասվածք ստացած երիտասարդը ո՞ղջ է, թե՞ ոչ: Նշենք, որ խոսքը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին է:

Մեղադրող դատախազները վկայի հարցաքննության ժամանակ հատվածներ մեջբերեցին վկայի հարցաքննությունից: Ակնհայտ էր, որ քննիչի հարցերը վերցված են վկայի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած հեռախոսային զանգերի վերծանումներից: Այդ խոսակցություններից մեկում խոսվում է նաև բժիշկ Կոլյայի մասին, որի միջոցով  վկան իբր պետք է ստանար իրեն հուզող հարցերի պատասխանը: Խոսքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է, ով, ինչպես պարզվեց, վկայի զանգերին չի պատասխանել:

Ուշագրավ է, որ այս գործով էական նշանակություն ունեցող տվյալներ ձեռք են բերվել հեռախոսային գաղտնալսումների միջոցով: Աղմկահարույց սպանությունների բացահայտմանն օգնել են դեպքին հնարավոր առնչություն ունեցած անձանց հեռախոսային «անզգույշ» խոսակցությունները: