կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 11:23
Տնտեսական

ՊԵԿ-ը, նախորդ տարվա համեմատ, 9.5 տոկոս եկամուտների աճ է գրանցել. Վախթանգ Միրումյան

ՊԵԿ-ը, նախորդ տարվա համեմատ, 9.5 տոկոս եկամուտների աճ է գրանցել. Վախթանգ Միրումյան

ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ 2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցում է: Խոսելով 2017թ. 9 ամիսների տվյալների մասին՝ Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։

«Այս աճը վերաբերում է այն աճին, որը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017-ից մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք պարզապես եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով իրավիճակը հետևյալն է ՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը, նախորդ տարվա համեմատ, 9.5 տոկոսով ավելի է»,- նշեց նա։

Ըստ Միրումյանի` հարկային եկամուտների աճի արդյունքում գերավճարների նվազումը կազմել է 22 մլրդ դրամ, հարկային ստուգումների մասով գրանցվել է 48 տոկոսի նվազում։ 

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ, մաքսային սահմանին հումքի և մեքենաների սարքավորումները ԱԱՀ-ից ազատելով, ՊԵԿ հարկային եկամուտները չեն նվազելու։

Անդրադառնալով հարկային օրենսգրքով պայմանավորված փոփոխություններին՝ նա նշեց, որ յուրաքանչյուր հարկատեսակի գծով կան գնահատականներ: «Ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախոտի՝ 4.67, բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմված գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ և այլն»,- հայտնեց Միրումյանը։

Նրա գնահատմամբ՝ սրանք դրական ազդեցություններն են, մինչդեռ օրենսգիրքն ունի նաև բացասական ազդեցություններ։ «Օրինակ` ԱԱՀ-ի գծով մեր ակնկալիքները կազմում են ընդհամենը -3.85 մլրդ դրամ, որովհետև ԱԱՀ հարկի մասին օրենքով եկամուտ բերող որևէ փոփոխություն չկա, փոխարենը կան ազատականացումներ, որոնք չեն կարող բացասական չազդել եկամուտի վրա։ Օրինակ` երբ 6 ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի գումարները հետ ենք վերադարձնելու տնտեսվարող սուբյեկտներին, օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար վերացնում ենք ճանապարհային վճարը։ Սա է բացասական ազդեցությունը»,- բացատրեց Միրումյանը։