Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ 2015 թվականի հոկտեմբերին ընդունվել է հարկային օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա է գրվել այս հարկային օրենսգիրքը:
«Հայեցակարգում առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը` մինչև քսան տոկոս, և այստեղ նշվում է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում աշխատավարձից հաշվարկվող հարկային բեռը բավականին բարձր է: Այս հանգամանքը նկատելիորեն խոչընդոտում է ազգային տնտեսության մրցունակությանը, բացի այդ` խրախուսում աշխատավարձի թերի հայտարարագրմանը»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով՝ ի՞նչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, որ այս ձևակերպումը, անհասկանալի հիմնավորմամբ, այլևս արդիական չէ, եկամտային հարկի դրույքաչափը բարձրանում է, և ամեն ինչ գնում է նրան, որ թերհայտարարագրվելու են շատ աշխատավարձեր ու խոցելի են դառնալու «սպիտակ» աշխատավարձ ստացողները:
«Նաև նշվում է, որ եկամտային հարկի տոկոսադրույքը քսան տոկոս դարձնելու պարագայում երկրում կնվազի աղքատությունը և կբարձրանա բնակչության գնողունակությունը՝ տնօրինող եկամուտն ավելի մեծանալու շնորհիվ: Ստացվում է՝ սրա հակառակն ենք հիմա անում` աղքատությունը բարձրանալու է, գնողունակությունն էլ ընկնելու է: Մյուսն էլ` ուզում եմ հասկանալ՝ երկու վիճահարույց նախաձեռնությունները, որ վերջին տարիներին եղել են՝ շրջանառության և եկամտային հարկերի հետ կապված, մտցրել եք մեկ փաթեթի մեջ ու պայթունավտանգ փաթեթով բերել ԱԺ, ասում եք, որ սա նոր հարկային օրենսգիրքն է, և սա մենք պետք է ընդունենք»,- ասաց Մարուքյանը:
Վախթանգ Միրումյանն էլ արձագանքեց. «Հարկային օրենսգրքի քննարկմանը ներկայացված տարբերակում եկամտային հարկի քսան տոկոս միասնական դրույքաչափն է՝ իր հիմնավորումներով, սակայն պետք է նկատել, որ այն տարբերակը, որը ներկայացված էր հայեցակարգի տեսքով, բացի քսան տոկոս հարկից, նախատեսում էր նաև այլ հարակից միջոցառումներ»,- ասաց նա՝ հավելելով. «Միասնական քսան տոկոս եկամտային հարկի ազդեցությունը, այսինքն՝ քսանչորս ու չորս, քսանվեց, երեսունվեց տոկոս դրույքաչափերը նվազեցնում ենք քսան տոկոս դրույքաչափի, տեսնում ենք, որ դա պետական բյուջեի վրա բավականին ծանր է նստում: 15 թվականի արդյունքներով` դրա ազդեցությունը կազմում է շուրջ 54 միլիարդ: Ակնհայտ է, որ մենք այսօր չենք կարող գնալ 54 միլիարդ եկամուտների նվազեցման: Դրա համար նախագծի հայեցակարգային տարբերակը քննարկման ենթակա է՝ վերանայել արտոնությունները, վերանայել մեխանիզմները և այլն»:
Միրումյանը նաև նշեց, որ հնարավոր չէր գնալ էական արտոնությունների կրճատման՝ կրթության, առողջապահության ոլորտին վերաբերող, որովհետև դրանք կարող էին էական եկամտային ազդեցություններ ունենալ:
«Մենք չենք ասում, որ միասնական համակարգն ու պրոգրեսիվությունը թերություններ ու առավելություններ չունեն: Երկու տարբերակում էլ առկա են թերություններ ու առավելություններ: Ուզում եմ ասել, որ քսան տոկոս դրույքաչափն էլ մեծ ոգևորությամբ չընդունվեց մեր գործարարների կողմից: Եկամտային հարկի հարկման առումով էլ ասեմ, որ հնարավոր է այլ մոտեցումների գնանք և անենք այնպես, որ եկամտային հարկի մասով ազդեցություն թողնող միջոցառումներ իրակակացնենք»,- ասաց նա:
Ըստ Միրումյանի` բոլոր այն դեպքերում, երբ ձևակերպումները պարունակում են տարընթերցումներ, հստակ նախատեսված է, որ դա չի կարող մեկնաբանվել հօգուտ պետության, դա պետք է մեկնաբանվի հօգուտ հարկ վճարողի: