Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ աննախադեպ քննարկումներ են ընթացել հարկային նոր օրենսգրքի մշակման ընթացքում ՀԿ-ների, գործարար հատվածի ներկայացուցիչների, մասնագիտական կառույցների հետ:
«Միամտություն կլիներ կարծել, որ նրանց բոլոր առաջարկություններն ընդունվել են, բայց այնպես էլ չէ, որ ոչ մի մտահոգություն հաշվի չի առնվել»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Վախթանգ Միրումյանին՝ նախապես դժգոհություն հայտնելով, որ հարկային նոր օրենսգիրքը ներկայացվում է ԱԺ` առանց հանրային քննարկման, առանց ժամանակ տալու, որ պատգամավորները հասցնեն լուրջ ուսումնասիրել այն: Միաժամանակ, պատգամավորը իր գոհունակությունը հայտնեց, որ Վախթանգ Միրումյանը այցելել է ՀԱԿ խմբակցություն և պատասխանել ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամների հարցերին:
Զուրաբյանի խոսքով՝ այս պահին ամենամեծ խնդիրը, որ տեսնում են, անուղղակի հարկերն են, որոնք չեն կարող նպաստել ո'չ տնտեսության զարգացմանը, ո'չ ներդրումների գրավմանը: Նաև հարկային նոր օրենսգրքով միջին խավի վրա ճնշելու խնդիր է դրված, որովհետև հարկվում են բարձր աշխատավարձ ստացողները:
Վախթանգ Միրումյանը չհամաձայնեց, որ շտապողականության պայմաններում է ներկայացվել հարկային նոր օրենսգիրքը` ասելով, որ այն ԱԺ-ին ներկայացվել է դեռ ապրիլին: Միաժամանակ նշեց, որ չի ակնկալվում, որ այս նստաշրջանում այն կընդունվի, որովհետև մինչև աշուն դեռ ժամանակ կա, և կընդունվեն բոլոր արժեքավոր առաջարկները:
ՊԵԿ փոխնախագահը համաձայնեց, որ նոր օրենսգրքում շեշտը դրվում է անուղղակի հարկերի վրա, սակայն ակցիզային հարկի մասով են առաջարկվում ավելացումներ, և խոսքը օղու ու ծխախոտի մասին է:
Ինչ վերաբերում է միջին խավի նկատմամբ հարկային ճնշմանը, Վախթանգ Միրումյանը նշեց, որ հարկային նոր օրենսգիրքը նման խնդիր առաջ չի քաշում, և որ իրական նպատակը եկամուտների վերաբաշխում իրականացնելն է, ոչ թե միջին խավին ավելի շատ հարկելը: Միրումյանը չբացառեց, որ այս հարցի հետ կապված քննարկումների ընթացքում եթե լինեն ավելի լավ առաջարկներ եկամուտների վերաբաշխման մասով, ապա հնարավոր է` այլ մոտեցումներ որդեգրեն: