կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 15:23
Հասարակություն

Տնտեսական վիճակը երբեմն ստիպում է խախտել դասական տնտեսագիտության կանոնները. Վախթանգ Միրումյան

Տնտեսական վիճակը երբեմն ստիպում է խախտել դասական տնտեսագիտության կանոնները. Վախթանգ Միրումյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն անդրադարձավ այն օրենքին, որն առաջարկում է դրսում շինարարական աշխատանք իրականացնող կազմակերպություններին գրանցվել Հայաստանում, վճարել եկամտահարկ, իսկ վարձու աշխատողների համար սահմանել հինգ տոկոս շահութահարկ:

 

Լրագրողների այն հարցին, որ եթե լավն է օրենքը, ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանն այդքան մտահոգություններ հայտնում ու դեմ արտահայտվում օրենքի փոփոխությանը, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ Բագրատյանի մտահոգություններից մեկն այն էր, որ նույն եկամուտներ ստացող մարդիկ պետք է հարկվեն նույն չափով, ինչը դասական տնտեսագիտական կանոն է և կոչվում է հարկման հորիզոնական սկզբունք:

 

«Մենք հիմա չենք գտնվում այնպիսի տնտեսական պայմաններում, որ առաջնորդվենք դասական տնտեսագիտական կանոններով: Հարկման դասական սկզբունքները, կախված տնտեսական իրավիճակից, կարող են նաև շեղվել: Հիմա ո՞րն է մեզ համար ձեռնտու` պահպանել դասական տնտեսագիտական կանոնները և չօգտագործել հնարավորությունը, թե՞, այնուամենայնիվ, շեղվել դասական տնտեսագիտական կանոններից, բայց օգտագործել այդ հնարավորությունը»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Բագրատյանի այն մտահոգությանը, որ դա պետք է համաձայնեցնել ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ու ԵՏՄ համաձայնագրերի հետ, ֆինանսների փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում: Այդ առումով Հայաստանը չունի սահմանափակում՝ սահմանելու շահութահարկի ու եկամտահարկի դրույքաչափ: «ԵՏՄ համաձայնագրերը մանրամասն ուսումնասիրված են, դրանց հետ հակասության որևէ խնդիր չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս օրենքի փոփոխության մեջ որևէ խութ կամ թաքստոց չկա:

 

Վախթանգ Միրումյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ օրենքի փոփոխությամբ ստեղծվում է այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել Հայաստանում, և մեր աշխատուժը մեր երկրում գրանցվի: «Սա խոպանչիներին հարկային դաշտ բերել չէ և խոպանչների մասին չէ»,- ասաց նա:

 

Հարցին` հնարավո՞ր է, որ այս օրենքի փոփոխությունն արվել է, որովհետև կառավարությունն այլևս չի կարողանում հարկեր հավաքել ու հիմա կառչում է փրփուրներից, Միրումյանը պատասխանեց. «Ոչ, դա չէ պատճառը: Անկախ ամեն ինչից, անկախ եկամուտների կատարողականից, ի միջի այլոց ասեմ, որ, նախորդ տարվա այս ժամանակաշրջանի հետ համեմատած, այն ավելացել է 6,4 տոկոսով: Մենք տնտեսական գործունեությունը խթանելու և ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեցինք, այդ գործողություններն ազդեցին եկամտային մասի վրա»:

 

Փոխնախարարն անդրադարձավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, որ օրենքի փոփոխությունը պետք է զարգացնել: «Պարոն Մինասյանն ավելի ընդգրկուն առաջարկ ներկայացրեց` կապված առողջապահության ապահովագրության և այլ հարցերի հետ, դրանք հետագա զարգացումներ են, որոնք առնչություն չունեն այս նախագծի հետ, բայց ենթակա են քննարկման»,- ասաց նա: