կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 14:45
Քաղաքական

Միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին սպանել են, բայց մենք չենք կործանվել. Մանվել Գրիգորյան

Միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին սպանել են, բայց մենք չենք կործանվել. Մանվել Գրիգորյան

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չգիտի` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ: «Գիտեմ, որ մարդիկ տույժեր կրում են, պատասխանատվություն կրում են, իսկ եթե կան մարդիկ, որ էդ օրվա համար չեն պատժվել, ոչինչ, էդ էլ կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի: Մեր ժողովրդի նկատմամբ ով որ ոտնձգություն է անում, անկախ նրանից` կլինեն երկրներ, պետություններ, անհատներ, մեկ ա՝ անպայման պատժվելու են, եթե կան մարդիկ, որ չեն պատժվել, անպայման կպատժվեն»,- հայտարարեց նա:

Հարցին` այդ օրն ի՞նչ հետք թողեց, պատասխանեց. «Հայ ազգի, մեր ժողովրդի սգո օր, դա ոտնձգություն էր հայ ժողովրդի նկատմամբ»:

Հարցին էլ` ասում են, թե Վազգեն Սարգսյանը շատերին էր խանգարում, Ձեր կարծիքով` ո՞ւմ էր նա խանգարում, ո՞վ կցանկանար նրան սպանել, Գրիգորյանն արձագանքեց. «Վազգեն Սարգսյանը միայն կարար թուրքերին խանգարեր, եթե տենց մեկը կա, որ ասում ա, ուրեմն թուրք ա, եթե թուրքերին խանգարելը վատ բան ա, ուրեմն խանգարել ա թուրքերին»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտում որևէ մեկին խանգարելուն, ապա, ըստ նրա, ներքաղաքական դաշտում միշտ էլ մեկը մյուսին խանգարում է: «Ներքաղաքական դաշտում պայքար ա, միշտ էլ մեկը մեկին խանգարում են, բայց ոչ` մահացու կամ թշնամանքով: Այսօր էլ քաղաքական դաշտում շատ մարդիկ իրար խանգարում են, բա պարզ չի՞, որ քաղաքական դաշտում ամեն մարդ իր գաղափարն ու միտքն է արտահայտում. մեկը մեկին խանգարում են: Սպանելն ու սպանությունն ուրիշ բան ա, իսկ խանգարելն ուրիշ բան ա»,- ասաց պատգամավորը:

Վերջում նա նշեց. «Վազգենը չկա, բայց հազար հատ Վազգեններ կան: Նայեք էս երիտասարդ աղջիկներին, տղերքին, մեր ազգն, իր բեռը, իր խաչը վերցրած ուսերին, տանում է: Իր պարտականությունն էս երկրում, մոլորակում կատարում ա, միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին սպանել են, բայց մենք չենք կործանվել, շարունակում ենք ապրել ու ապրելու ենք, ու միշտ էլ մեր ազգում Դեմիրճյաններ ու Վազգեններ շատ պիտի լինեն»: