կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-09 12:35
Հասարակություն

Մենք գիտենք, թե ում ենք դիմում եւ ում միջոցով ենք ֆինանսավորվում. Մանվել Գրիգորյան

Մենք գիտենք, թե ում ենք դիմում եւ ում միջոցով ենք ֆինանսավորվում. Մանվել Գրիգորյան

ՀՀ դպրոցներում ՊՆ-ի, ԿԳՆ-ի ու ԵԿՄ-ի համատեղ իրականացվող ռազմա-հայրենասիրական կրթության ծրագրի վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այս տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանքների արդյունքում հիմք է ստեղծվել, որպեսզի մեր դպրոցականներն արդեն իսկ համակարգված ձեւով մտնեն ընդհանուր դաստիարակչական համակարգի մեջ, եւ այն ռազմա-հայրենասիրական դաստիարակության հատկանիշները, որոնք անհրաժեշտ են, պատշաճ կերպով փոխանցվեն նրանց:

 

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ՀՀ ռազմական դոկտրինի մեջ հայրենասիրական դաստիարակության եւ հատկապես` ռազմա-հայրենասիրական դաստիարակության բացակայությունը որպես սպառնալիք է նշվում, որովհետեւ եթե հայրենիքի պաշտպանության գործում գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ` երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել:

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, իր հերթին, նշեց, որ այս նոր ծրագիրն ուղղված է ռազմա-կրթական համակարգում հայրենասիրական դաստիարակության խնդիրների վերանայմանն ու առավել համակարգված իրականացնելուն` նշելով, թե ՊՆ-ն տարբեր տարիների այս ուղղությամբ ամենատարբեր ծրագրերն է իրականացնում, նաեւ` ԿԳՆ-ի հետ, իսկ սրան զուգահեռ հսկայական փորձ է կուտակել ԵԿՄ-ն' Հայաստանի մի շարք դպրոցներում իր կողմից մշակված ակումբների ու մեթոդաբանության գործածությամբ:

 

«Եվ այս ամենը վերցնելու, համակարգելու եւ նորանկախ Հայաստանում մանկական կազմակերպություների ստեղծման ու հետագա զարգացման համակարգման առումով` բոլոր ջանքերը մեկտեղելու հերթական հանգրվանն է սա: Մենք չենք ավարտելու պրոցեսն այս հուշագրի կնքումով, այլ սկսվում է մեծ գործընթաց, որը նաեւ ավելի լայն հանրային ընկալման ու ներկայացան կարիք ունի»,- նշեց Արմեն Աշոտյանը' հավելելով, որ ծրագիրն իր կարեւորությամբ ընդգծվել է նաեւ 2015 թվականի բյուջեի նախագծում, իսկ 2014 թվականի համար նույնպես համապատասխան հատկացումներ են արվելու:

 

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ նշեց, որ այս հուշագրի կնքման օրը շատ կարեւոր օր է մեր նորաստեղծ պետության համար, երբ բոլորը միասին կարողանում են կառավարության մակարդակով' ՀՀ պաշպանության եւ կրթության ու գիտության նախարարների հետ միասին, իրենց անելիքները, ցանկությունները, պետականության կարիքները համատեղել ու միասին փորձել լուծել:

 

«Ես կուզեմ առաջինը ներկայացնել ԵԿՄ պատանի եւ երիտասարդ երկրապահների` իրոք կայացած կառույցները: Ես մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր պատանիներն ու աղջկերքը` հավասարաչափ ու հավասարազոր, ավելի նվիրյալ են, քան շատ-շատ մարդիկ: Եվ ուզում եմ այնքան ջղեր ու էներգիա ունենան մեր կառույցները եւ էդ հայրենասիրությունն օգտագործեն ի նպաստ մեր երկրի, մեր պետության, մեր անկախության ծրագրերի: Սա թույլ է տալիս մեզ, որ ճիշտ կարողանանք դաստիարակել դպրոցում, դպրոցից դուրս, ամեն տեղ: Մեր երեխան ոչ թե պիտի եւ այլ, եւ այլ մտքերով լինի, այլ ոնց էր ասում մեծն սպարապետը' մեր երեխան պետք ա դպրոցից իմանա' ինքը ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում: Դա նշանակում ա ինքնակայացում, մեր պետականության հիմքերի ամրացում, որը որ կայացել ա»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

 

Նա հայտարարեց, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, բայց այս երկրի, պետականության կառույց է:

 

«Երկրապահը չի կարող, բացի Հայաստանի հարապետությունից ու ԼՂՀ-ից, այլ բանի ծառայել` կամ ինչ-որ դրսի ուժերի կամ ինչ-որ դրսի ֆինանսավորմամբ: Մեզ օգնում են կա'մ պաշտպանության նախարարը, կա'մ կրթության ու գիտության նախարարը, մենք գիտենք, թե ումն ենք դիմում եւ ում միջոցով ենք ֆինանսավորվում: Դրա համար էլ ես ուզում եմ, որ մեր երիտասադրությունն իմանա, որ իրենց հետեւը կանգնած է մեր պետությունը, կառավարությունը, պաշտպանության ու ԿԳ նախարարները, մեր կռված տղաները, որ ունեն շատ-շատ մեծ փորձ' իրենց ապրած ու ցույց տված կյանքով»,- խոսքը եզրափակեց գեներալ-լեյտենանտը: