կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 18:16
Քաղաքական

Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք. Աղվան Վարդանյան

Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք. Աղվան Վարդանյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

-Պարո'ն Վարդանյան, նախ անդրադառնանք արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Ի վերջո, կարող ենք փաստել, որ այդ հրաժաականը քառյակի գործունեության արդյունքն էր, թեեւ իշխանություններն ամեն կերպ դա հերքում են: Ավելին` անգամ պնդում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով քառյակի գործերը տապալվեցին:

-Պարզ բաներ կան. մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը, այսօր կառավարությունը հրաժարական է տվել, բոլոր նախարարները պաշտոնակատարներ են, և սա է փաստը, իսկ փաստերը դաժան բաներ են: Մնացյալը, թե ով ինչպես է մեկնաբանում, ով ինչ է ասում, դրանք, կարծում եմ, կարևոր չեն:

 

-Արդեն նոր վարչապետ ունենք: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ:

- Քաղաքական մեծամասնության իրավունքն ու մենաշնորհն է` նշանակել նոր վարչապետ, դրանից կախված` կձևավորվի նոր կառավարություն, և կառավարության ծրագրի բնույթից ու բովանդակությունից հնարավոր կլինի գնահատական տալ կառավարության նպատակներին: Իսկ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ: Կապրենք, կտեսնենք:

 

-Պարո'ն Վարդանյանն, Հովիկ Աբրահամյանն այսօր, խոսելով հնարավոր կոալիցիաների մասին, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Հնարավոր կոալիցիային մամուլը բազմիցս անդրադարձել է` նշելով, որ դրանում լինելու է ՀՅԴ-ն: Ի վերջո, ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմելո՞ւ է:

-Այդ մասին բազմիցս խոսվել է, և ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ էլ է երկրի նախագահը այդ մասին ասել: Մենք էլ մեր մոտեցումները բազմիցս շարադրել ենք: Մենք ունենք քաղաքական ուղղության խնդիր, մենք հստակ ձևակերպել ենք մեզ համար, թե ինչ է անհրաժեշտ անել` երկիրն այս ծանր ճգնաժամային վիճակից հանելու և նոր որակի պետություն ստեղծելու համար: Դրանք ամփոփված են Դաշնակցության ծրագրային մոտեցումներում, որոնք վերջին օրերին հղկվել ու մշակվել են և ունեն ոչ միայն համակարգային փոփոխությունների բնույթ, այլ նաև` կոնկրետ խնդիրներ լուծելու, և մենք դա ներկայացրել ենք հանրապետության նախագահին: Առաջին փուլը, փաստորեն, ավարտվել է, նշանակվել է վարչապետ: Մենք մտնում ենք երկրորդ փուլ, երբ 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն և այնուհետև ծրագիր ներկայացվի: Մենք դեռ ժամանակ ունենք, կսպասենք արձագանքներին: Կախված այն բանից, թե մեր առաջարկությունների որ մասը կընդունվի, դրանից էլ կբխի մեր վերաբերմունքը:

 

Մենք այսօր որևէ այլ հարց օրակարգում չունենք, ավելին ասեմ` առաջիկա օրերին Դաշնակցության Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովն է, որի անցկացման ժամկետը տեղավորվում է այս 20-օրյա ժամկետում, և մենք, կախված իշխանությունների արձագանքից, արձագանքի տարողությունից, կորոշենք մեր անելիքները: Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք: Այսօր ԶԼՄ-ներով արդեն տարբեր եզրահանգումներ են անում, անուններ են թվարկում, թե Դաշնակցությունից ով ինչ պաշտոնյա է դառնալու, այդ բոլորը իրականության հետ բացարձակ որևէ կապ չունի` ո'չ անունները, ո'չ էլ պաշտոնները: Ահա` ինչու պետք է հորդորենք բոլոր լրատվամիջոցներին մնալ մեր կողմից հնչեցված սկզբունքների շրջանակներում:

 

- ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հրապարակավ հայտարարվեց, որ Հովիկ Աբրահամյանին տրվում է կադրային փոփոխություններ իրականացնելու լայն լիազորություն: Ի՞նչ եք կարծում՝ նախարարներին փոխելով հնարավո՞ր է ինչ-ինչ արդյունքների հասնել, թե՞ միայն դա բավարար չէ:

- Կա երկու հարթություն` կառավարության հիմքը կազմող սոցիալ-տնտեսական ծրագիր, որում գտնվում է մեր խնդիրների մեծ մասը, և կա նաև կադրերի խնդիր` պրոֆեսիոնալ, հասարակական մեծ վստահություն վայելող, փորձառություն ունեցող կադրեր, որոնք նաև հասարակությանը հույս կներշնչեն: Ես դարձյալ չեմ անձնավորում, բայց այսօրվա գործող Սահմանադրությունը միշտ էլ կառավարության ղեկավարին հնարավորություն տվել է լինելու հնարավորինս ինքնուրույն, ազատ և անելու այն քայլերը, որոնք ճիշտ է համարում: Չեմ կարծում, թե այստեղ հատուկ լիազորություն տալու խնդիր կա: Այլ հարց է, թե ով Սահմանադրությամբ տրված լիազորությունների որ մասն է իրացնում: