Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարոն Միլսի հայտարարությունը խիստ դատապարտելի է, ավելին` քաղաքական կոպիտ սխալ է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի «գրավյալ տարածները» վերադարձնելու մասին երեկվա հայտարարությանը:
«Պարոն Միլսի հայտարարության մեջ մի շարք անընդունելի և զարմանալի երևույթներ կան, որոնք ցանկանում եմ ընդգծել: Առաջինը նրա օգտագործած տերմինաբանությունն է: Նա խոսում է «գրավյալ տարածքների» մասին, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից` համախոհությամբ, որևէ ժամանակ չի օգտագործվել այդ եզրույթը. «գրավյալ տարածքներ» արտահայտություն չկա, ինչպես նաև չկա որևէ խոսք դրանք վերադարձնելու մասին: Ասեմ ավելին` անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքներում որևէ ժամանակ չի գրվել, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» մասին»,- նշեց Շիրինյանը` հավելելով, որ Հայ Դատի հանձնախմբի կողմից քննադատված այդ փաստաթղթում խոսվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների մասին: «Տերմինաբանության հստակ խնդիր կա»,- պարզաբանեց Շիրինյանը:
Անդրադառնալով Միլսի` «ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին» հայտարարությանը, նա նշեց, որ իրականում ինքն է զարմացած դեսպանի զարմանքից: «Դեսպանը, գտնվելով Հայաստանում, դեռ զարմանում է նրանից, որ հայ ժողովուրդը համախմբված է այն մտքի շուրջ, որ մենք Ադրբեջանին վերադարձնելու տարածք չունենք: Ընդհակառակը` մենք դեռ տարածքներ ունենք հետ բերելու: Ես ամենաշատը զարմացած եմ այն բանից, որ դեսպանն իր զարմանքի մասին հայտնում է պաշտոնից հեռանալուց անմիջապես առաջ, ինչը, իմ կարծիքով, ավելի հեշտ է»,- նշեց Շիրինյանը:
Նա չբացառեց նաև այն հանգամանքը, որ Միլսի հայտարարությունը կարող է հետագայում խնդրահարույց լինել: «Կարող է խնդիր առաջացնել, որ ինքը կարծում էր` հայերը, մանավանդ` Արցախի ժողովուրդը պիտի ընդունեն «Հող` խաղաղության դիմաց» կարգավիճակը: Մենք որևէ ժամանակ հող հանձնելու հարց չենք դրել, մենք միշտ էլ ընդունել ենք խաղաղությունը և պիտի ընդունենք խաղաղությունը, սակայն այդ խաղաղությունը մենք չենք կարող ստանալ` հողերի վերադարձի մասին խոսելով: Դա ինքնին խաղաղության մտքին դեմ է, և այսօր բանակցության սեղանին նման թեմա դնելը կարող է վտանգել խաղաղությունը»,- նշեց Շիրինյանը:
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք դեսպան Միլսի հայտարարության մեջ պետք է փնտրել Արցախի հարցի հանգուցալուծման որևէ ակնարկ, թե՞ այն պետք է համարել պաշտոնից հեռանալիս արված ինչ-որ անհեթեթ հայտարարություն, նա պատասխանեց. «Պարոն Միլսի հայտարարությունը խիստ դատապարտելի է: Կարող եմ ավելին ասել` քաղաքական կոպիտ սխալ եմ համարում նրա կողմից: Կոպիտ սխալ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդեպ, ոչ միայն Արցախի ժողովրդի ձեռք բերած հաղթանակի հանդեպ կամ նրանց` ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հանդեպ, այլև կոպիտ սխալ նույնիսկ սեփական կառավարության հանդեպ: Ինչ էլ լինի նրա անձնական կարծիքը, խոսելիս նա ներկայացնում է ԱՄՆ կառավարության կեցվածքը, որովհետև նա այդ երկրի դեսպանն է Հայաստանում: Իր այս հայտարարությամբ նա խախտում է այդ համախոհությունը, որ այսօր կա ԵԱՀԿ Մինսկի երեք համանախագահ երկրներում»:
Շիրինյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ը պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա, որ դեսպան Միլսի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, այլ ոչ թե պաշտոնական ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի շուրջ:
«Ի վերջո, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների ջանքերն այն ուղղությամբ են, որ հարցը խաղաղ հանգուցալուծում ստանա Հելսինկյան ակտից բխած երեք կետերից, որոնք են`ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի չկիրառումը, որոնք պետք է հարգվեն` ի շահ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման»,-նշեց նա:
Շիրինյանը ընդգծեց նաև` այսօր հայկական կողմը բանակցելու բան չունի հող կամ տարածք զիջելու մասին: «Այսօր մեր առաջնահերթությունը հստակ է` ինչպե՞ս ներգրավել Արցախի ժողովրդին, Արցախի պետությունը, Արցախի իշխանություններին բանակցությունների մեջ: Ի վերջո, այդ տարածքում ապրող ժողովուրդն է, որ որոշելու է իր ապագան, և նրա ձայնն ու կարծիքները պետք է լսելի ու հասանելի լինեն»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ EVN Report-ին տված հարցարույցի ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սենսացիոն հայտարարություն էր արել` նշելով, որ «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»: Նշենք, որ Միլսի պաշտոնավարման ժամկետը շուտով կավարտվի: