կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-26 13:58
Մշակույթ

Այն ամենում, ինչ կատարվում է ինձ հետ, իմ երկրում, իմ մեղավորության չափաբաժինն էլ կա. Հրանտ Թոխատյան

Այն ամենում, ինչ կատարվում է ինձ հետ, իմ երկրում, իմ մեղավորության չափաբաժինն էլ կա. Հրանտ Թոխատյան

«Սիրով՝ ապագայից, կամ Մեա կուլպա-2». ռեժիսոր Արթուր Սահակյանի ներկայացման հերթական ցուցադրությանը հրավիրված էին նաև լրագրողները՝ ներկայացման վերջում ստեղծագործական խմբի հետ այն քննարկելու նպատակով:

Հասարակական-քաղաքական թեմատիկայով ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել փետրվար ամսին, և հանդիսատեսի արձագանքից դատելով՝ այն «սպառնում» է կրկնել «Մեա կուլպա-1»-ի ճակատագիրը՝ տարիներ շարունակ մնալ բեմում:

Ներկայացման մեջ կան դրվագներ, որոնք վերաբերում են քաղաքականությանը, բայց ընդգծված, շեշտված քաղաքականություն չկա: Ներկայացման իրադարձությունները տեղի են ունենում ապագայում՝ 2026-ին, և այդ շրջանում երկրում առկա են նույն խնդիրները, ինչ հիմա՝ կաշառակերություն, անարդարություն, ամենաթողություն՝ վերևների մոտ, և այս ամենի հետ հարմարված մարդիկ: Ամեն ինչ փոխվում է ներկայացման երկրորդ մասում. գործողությունները տեղի են ունենում 2091-ին, երկիրն ունի նոր ղեկավար, մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որքան անհրաժեշտ է փողի մասին չմտածելու համար, իշխանությունը մտածում է ոչ թե իր հարստացման, այլ երկրի մասին, պետբյուջեի փողերը չեն գողանում, մտավորականները հարգված են, ժողովուրդը վստահում է ղեկավարներին, ղեկավարները հարգում են ժողովրդին:

Ի դեպ, ներկայացման մեջ հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Սամսոն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանը, Արա Սարգսյանը, Իրինա Դանիելյանն ու Ջուլիետա Ստեփանյանը:

Ներկայացումից հետո Հրանտ Թոխատյանը նշեց, որ ո´չ առաջին, ո´չ էլ այս ներկայացման մեջ ասելիքն այն չէ, որ, այ, դու իշխանություն ես` վատն ես, ես իշխանությունից չեմ՝ լավն եմ: Ըստ դերասանի՝ եթե ամեն մեկը զգա իր մեղքը, շատ բան կփոխվի: «Այ դա ենք ուզում, որ երկիրը դառնա երկիր: Ներկայացման մեջ երկրի ապագա ղեկավարի կերպարը դրա համար էր ներկայացված, դա այն երազանքն է, որին ցանկանում ենք հասնել: Սա ուղերձ չէ ո´չ չինովնիկին, ո´չ մեծահարուստին, ո´չ նախագահին, ո´չ վարչապետին, այլ ամեն մեկին՝ որպես ՀՀ քաղաքացի: Եկեք խելքներս գլուխներս հավաքենք, յուրաքանչյուրս հասկանանք մեր գործած մեղքն ու երկիրը կառուցենք: Եթե չէ, կգնան մարդիկ, չեն մնա այստեղ: Ոչ ոք իր վրա մեղքը չի վերցնում, սա է մեր խնդիրը»,- ասաց Թոխատյանը:

Yerkir.am-ի հարցին` այդ դեպքում ո՞րն է Թոխատյանի մեղքը, նա պատասխանեց, որ այն, ինչ կատարվում է իր հետ, իր ընտանիքում, իր ու իր ընտանիքի մեղքն է, և չի կարող հարևանին մեղադրել: Նույնը, ըստ նրա, երկրի մասշտաբով: «Այն ամենում, ինչ կատարվում է ինձ հետ, իմ երկրում, իմ մեղավորության չափաբաժինն էլ կա, չի կարող չլինել: Ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չեմ արել, ինչ-որ տեղ մի բան կորցրել եմ, սխալ եմ գործել, ճիշտ չեմ արել: Եթե տարիներ առաջ մի քիչ շատ այսպես հավաքվեինք, ավելի շատ բան կանեինք: Մենք իրար չենք լսում, ամեն մեկն իր համար է խոսում: Մեկը կարող է մի բան ասել ու հալածվել, բայց հաջորդ օրը մեկ այլ թեմա կբացվի, ու վերջ, նախորդը կմնա միայն էդ մարդու դարդը: Ամեն ինչ շուտ մոռացվում է, ոչ մեկին չի հետաքրքրում մյուսի խնդիրը: Ինչպես, օրինակ, ոչ ոք չի մտածում հիմա՝ յարաբ Կանազի շենքն ի՞նչ վիճակում է»,-ասաց դերասանը:

Մեր դիտարկմանը, թե ներկայացումը, ինչպես ժողովուրդն է գալիս ծափահարում ու գնում, նույն արձագանքին է արժանանում նաև պաշտոնյաների կողմից՝ շատերն են գնում ներկայացումը դիտելու, բայց…, Թոխատյանը պատասխանեց, որ, այո, իր բոլոր ներկայացումները դիտում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ներկայացման ժամանակ, երբ ես ղեկավարներին եմ «կպնում», ներկա պաշտոնյան հրում է կողքինին ու ականջին ասում, թե՝ տեսար, էսինչին նկատի ուներ, ու իր վրա չի վերցնում ասածս: Մեր խնդիրն էլ դա է, ներկայացման ուղերձն էլ դա է»,- ասաց նա:

Ներկայացման մեջ բարձրացվում է նաև հարցը, որ մտավորականներին տեղ չեն տալիս, չեն հարգում: Թոխատյանի խոսքով՝ անտարբերություն կա բոլորի մոտ, անգամ` մտավորականների: «Եթե լինի ընտրություն` ես գնամ հրապարա՞կ, թե՞ բեմադրություն անեմ, ես կընտրեմ բեմը: Տեսեք, ասում են՝ մտավորականությունը չի համախմբվում, բայց երբ ընտրություններից առաջ Սերժ Թանկյանն եկավ Հայաստան ու փորձեցին վերահսկել ընտրությունները, ո՞ւր էր մտավորականությունը, ինչո՞ւ չհամախմբվեցինք: Բացի այդ՝ շատ են կենտրոնացել արվեստագետների վրա, նույն սկզբունքով կարող եմ հարցնել՝ ո՞ւր են բժիշկները, ուսուցիչները… Ուրեմն՝ անտարբերությունն է մեզ ուտում»,- ասաց Թոխատյանը:

Ի դեպ, «Սիրով՝ ապագայից, կամ Մեա կուլպա-2» ներկայացումը շարունակում է իր ընթացքը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: