Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստ, որտեղ քննարկվեց հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին բնակարան շնորհելու մասին որոշումը: Տեղեկացրել էինք, որ նիստն անցավ բուռն, քանի որ ոչ բոլորն էին կողմ ներկայացվածներից ոմանց բնակարան նվիրելու մտքին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում դերասան Հրանտ Թոխատյանը նշեց, որ նրանք բոլորն էլ վաստակել են այդ բնակարանները: «Զառա Արամյանն աշխատում է հեռուստատեսությունում, ինչպես և դուք` լրագրողներդ: Դուք կարո՞ղ եք ձեր աշխատավարձով բնակարան գնել: Չէ, չեք կարող, նույնն էլ` ինքը»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հասարակության մեջ այսքան դժգոհություն, եթե նա, իրոք, վաստակ ունի, Թոխատյանը պատասխանեց, որ դժգոհություն միշտ էլ պետք է կլինի, քանի որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին սիրում է, իսկ մյուսին` ոչ: «Այստեղ կար մարդ, որը չէր սիրում Վահրամ Սահակյանին: Ես պաշտում եմ նրան և գտնում եմ, որ այսօրվա մեր ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է: Ամեն մեկն իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնում: Որպեսզի տեսնեք Վահրամ Սահակյանի հանդեպ օբյեկտիվ վերաբերմունք, ամիսը մեկ անգամ կարող եք գնալ Ռուսական թատրոն, որտեղ Վահրամի ներկայացումներն են գնում, և դահլիճը լեփ-լեցուն է: Այսինքն` այսօրվա օրով նրա «Mea culpa» ներկայացումը նայել է մոտավորապես 450 000 մարդ. դա կարծիք է նրա մասին: Հիմա` դա սուբյեկտի՞վ է, թե՞ օբյեկտիվ»,- հարցրեց դերասանը:
Հաջորդ հարցին, թե ինչպե՞ս վերաբերվում նրան, որ Սահակյանն ասել էր, թե`մեկը փորձվի շահարկել այդ փաստը, կպատժեմ, Թոխատյանը պատասխանեց, որ, հավանաբար, քանի որ շատ է խոսվել այդ մասին, «մարդ է, մի ֆրազ ասել է»:
«Նոր էլ այստեղ հնչեց, թե Զառա Արամյանը հումորիստ է, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Զառան այն մարդկանցից է, որը փորձել է երաժշտական ֆոնդը փրկել իր առողջության հաշվին, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում: Նա բավական մեծ աշխատանք է արել ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում: Կան բաներ, որոնց մասին անպայման չէ դուրս գալ ու գոռալ: Այնպես որ` ամեն մեկն ունի իր արժանիքը: Մյուս կողմից` նորմալ է, որ քաղաքացիները քննարկում են այս հարցը, ողջունում եմ, իրոք, դա»,- ասաց Թոխատյանը:
Իսկ համաձա՞յն չէ ավագանու անդամներից մեկի` նիստի ժամանակ հնչեցրած դիտարկմանը, թե կան մարդիկ, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը, պատասխանեց, որ, այո, կան մարդիկ, որոնք նույնպես ունեն դրա կարիքը: «Բայց եթե մեկ ուրիշին տայինք, այդ ժամանակ կասեին` ինչո՞ւ` ոչ Զառա Արամյանին, ինչո՞ւ նրան չտվեցին»,- ասաց Թոխատյանը: