Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Խաղաղության օրակարգը կյանքի կոչող իշխանությունները Արցախում կատարվող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը, ըստ էության, փորձում են գցել ռուս խաղաղապահների գրպանը: Ու ստացվում է այնպես, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել են ոչ թե Փաշինյանը, Ալիևը և Պուտինը, այլ միայն Պուտինը և Ալիևը:
Արցախում կատարվող իրադարձությունների սկիզբը դրվեց Փաշինյանի կողմից, երբ կառարավրության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը չի հաղթել, քանի որ Արցախում հայ է ապրում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնլով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:
«Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանը անցավ հստակ գործողությունների: Հայտնի փաստաթղթի տակ երեք ստորագրություն կա. Արցախում կատարվելիք իրադարձությունների պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր ստորագրել են այդ փաստաթուղթը: Առաջին օրը Ադրբեջանը խախտել է շփման գիծը և մտել մեր վերահսկողության տակ գտնվող տարածք, իսկ հաջորդ օրը հրադադարի ռեժիմն է խախտել: Իսկ ՀՀ իշխանությունները աշխատում են Հայաստանում ապրող ժողովրդի համար, այն ժողովրդի, որը դեռ քնած է: Իշխանությունները ասում են՝ ռուս խաղաղապահների գործն է: Ռուս խաղաղապահն իր գործառույթն իրացնում է: Այն կոչերը, որոնք հնչում են Հայաստանի իշխանությունների կողմից, դրանք միայն ծիծաղ կարող են առաջացնել: Երկու-երեք օրվա ընթացքում այս իշխանությունները կարողացան հակառուսական տրամադրություններ ստեղծել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Ու այս իրավիճակում զոհվում է հայ զինվորը, մեր երեխաները ապրել-չապրելու ընտրանքի առջև են կանգնած, իսկ ՀՀ իշխանությունները առևտրի մեջ են: Ամեն ինչ արվում է աթոռը պահելու համար: Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ սոցցանցերով ապատեղեկատվություն էին տարածում, այնպես էլ հիմա շարունակում են տարածել: Նույնը նաև Արցախի իշխանությունների մասով: Ն. Փաշինյանը հայտարարում էր, որ արցախցին իրեն մանդատ չի տվել, ինքը իրավասու չէ արցախցու անունից գործելու: Ինքը առաջինը խախտեց, երբ ստորագրեց այն փաստաթուղթը, որով Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն, իսկ դրանից հետո ձեռքերը լվաց: Ամեն ինչ երևաց կառավարության նիստի ժամանակ. հայ ժողովրդի թիկունքում Փաշինյանը պայմանավորվել է Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ այն, ինչ կատարվում է, կատարվում է ռուս խաղաղապահների դեմ՝ Փաշինյանի և Ալիևի ձեռամբ: Հայաստանի իշխանությունները ոչնչով չեն զիջում Ադրբեջանի իշխանություններին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Թշնամին իշխանությունների լուռ համաձայնությամբ օր օրի, դիրք առ դիրք, գյուղ առ գյուղ գրավելով առաջ է շարժվում: ՀՀ դե ֆակտո իշխանությունները իրենց ելույթներում չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումի մասին: Թշնամին էլ այսօր ներխուժում է Փառուխ և Խրամորթ, իսկ վաղը կներխուժի Ստեփանակերտ: Փաստորեն սա՞ է իշխանությունների խոստացված խաղաղությունը:
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ իշխանությունները ոչ միայն չեն խոսում, մի բան էլ հակառակվում են խոսողներին: Այս իշխանությունները փաստում են՝ Արցախը Ադրբեջան է:
«Իրենք եթե խոսում են, ապա խոսում են նրա մասին, որ Արցախում էթնիկ զտում է կատարվում: Բայց չէ որ այստեղ խոսը միայն ապրելու իրավունքի մասին չէ: Այստեղ ինքնորոշման իրավունքի մասին է, որ արցախցին, այո՛, 1991 թ. արդեն ինքնորոշվել էր: Եթե հիշում եք՝ Փաշինյանը ոչ վաղ անցյանում հայտարարեց՝ Արցախում, որ ինքնորոշվել են, ով ասա՞ց՝ միայն հայերեն են եղել: Փաշինյանը կրկին խեղաթյուրեց իրականությունը: ՀՀ իշխանությունները նույնկերպ ասում են, որ Արցախում նույն իրավունքը ունեն նաև ադրբեջանցիները: Ինչպես Ադրբեջանն է խեղաթյուրում պատմությունը, է՛լ ավելի մեծ եռանդով խեղաթյուրում է Ն. Փաշինյանը, և, բնականաբար, աշխարհը պետք է ասի, եթե հայն է ասում՝ դա է փաստը: Իսկ Արցախի իշխանությունները պետք է ստիպեն Ն. Փաշինյանին, որ կատարի այն պայմանագրի կետերը, որի տակ դրել է իր ստորագրությունը: «Խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանի հետ կերտում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:
Լենա Կարապետյան