կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 17:35
Տնտեսական

ԵՏՄ-ն նավթի ու գազի միություն չէ. Դմիտրի Մեդվեդև

ԵՏՄ-ն նավթի ու գազի միություն չէ. Դմիտրի Մեդվեդև

Այսօր Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նախ հանդիպման կազմակե8պման համար շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` վարչապետ Կարեն կարապետյանի գլխավորությամբ:

«Արդյունավետ քննարկում էր, նույնիսկ տեղ-տեղ` հետաքրքիր, իսկ քննարկումների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Մենք ԵԱՏՄ շրջանակներում ձևավորում ենք ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություններ: Դա հեշտ աշխատանք չէ և պահանջում է երկար ու տքնաջան աշխատանք: Դա հնարավոր կդառնա մեր քննարկումների, բանավեճերի, կոմպրոմիսների և մեկս մյուսիս լսելու ցանկության արդյունքում»,- ասաց նա:

Դմիտրի Մեդվեդևը հավելեց, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ԵԱՏՄ երկրների միասնական ՀՆԱ-ն աճել է 1,8 տոկոսով, աճը վերաբերում է բոլոր անդամ երկրներին, ԵՏՄ ներսում ապրանքաշրջանառությունը աճել է 28 տոկոսով, երրորդ երկրների հետ արտաքին առևտրի շրջանառությունը աճել է 26 տոկոսով: Սակայն առաջ գնալու համար կարևոր է կատարելագործել ԵԱՏՄ իրավական դաշտը:

Նիստի ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում առևտրին խոչընդոտող գործոնների վերացման հարցը: Մեդվեդևի խոսքով` նոյեմբերի 1-ից գործողության մեջ է մտնում մաքսային օրենսգիրքը: Ռդ վարչապետն այն համարեց հասուն փաստաթուղթ, որը կկանոնակարգի բազմաթիվ հարցեր:

Մեդվեդևի խոսքով` պետք չէ ամբողջ ուշադրությունը բևեռել նավթի ու գազի հետ կապված հարցերին, քանի որ միության ներսում կան բազմաթիվ այլ կարևոր հարցեր: «ԵՏՄ-ն նավթի ու գազի միություն չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասում չկա գազ ու նավթ, և եկամուտների առյուծի բաժինն ամենևին նավթին ու գազին չի հասնում»,- նշեց ՌԴ վարչապետը:

Նա կարևորեց օրակարգի գլխավոր հարցերից մեկը` թվային տնտեսության ձևավորումը, դրանում նոր տեխնոլոգիաների ներդրումը, որը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ծախսերի կրճատմանը:

Մեդվեդևը, խոսելով ՌԴ տնտեսության խնդիրների մասին, մատնանշեց շաքարի շուկան` ասելով, որ օգոստոսի 1-ի դրությամբ շաքարի գինը իջել է 44 տոկոսով, և դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը շաքար արտադրող խոշոր երկրներից է: