Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է իրավակարգավորել օտար համարանիշերով մեքենաների մուտքը Հայաստան:
Պատգամավորի խոսքով` նախկին կարգի համաձայն` Հայաստան մուտք գործած` օտար համարանիշերով մեքենաները կարող էին Հայաստանում մնալ 15 օր` տարին երկու անգամ, որից հետո սանկցիաներ էին իրականացվում, ինչն էլ հարուցել է բազմաթիվ հայերի դժգոհությունը: Էդմոն Մարուքյանն առաջարկում էր կատարել փոփոխություններ և թույլ տալ օտար համարանիշերով մեքենաներին տարին չորս անգամ 30 օրով մնալ Հայաստանում:
Սակայն հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչը նշանակում է, որ մաքսային օրենսգիրքը դադարելու է գործել: Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից, թե հունվարի 1-ից հետո ի՞նչ իրավակարգավորումներ են լինելու` օտար համարանիշերով մեքենաների հետ կապված:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանն ունենալու է նոր մաքսային օրենսգիրք, և, իսկապես, հին մաքսային օրենսգիրքը չի գործելու:
«ԵՏՄ օրենսգրքով նախատեսվում է 6 ամսում կարգավորել այդ հարցը: Մինչ այդ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները ԵՏՄ անդամ պետություններում կարող են մնալ մինչև 6 ամիս ժամկետով, իսկ երրորդ երկրների քաղաքացիներն իրենց մեքենաներով` մինչև 1 տարի ժամկետով»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նա առաջարկեց Էդմոն Մարուքյանին` հետաձգել իր նախագծի շրջանառումը` մինչև ԵՏՄ կողմից համապատասխան օրենքի մշակումը: Էդմոն Մարուքյանի համաձայնությամբ` հարցը հետաձգվեց: