կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 14:10
Քաղաքական

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը կապված է ԵՏՄ հիմնադիր երկրների միջև եղած անհամաձայնությունների հետ. ՀՀԿ-ական

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը կապված է ԵՏՄ հիմնադիր երկրների միջև եղած անհամաձայնությունների հետ. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը համոզված է, որ ԵՏՄ հիմնադիր պետությունները Հայաստանի առաջ պայման չեն դրել Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու վերաբերյալ:

 

«Եթե վերցնենք երկու գերտերություն` Ռուսաստանն ու Բելառուսիան, ես Ղազախստանին չեմ անվանի գերտերություն, ապա նրանց միջև չի կարող լինել շուկաների խնդիր, կարող է խնդիրը քաղաքական լինել: Նման խնդիր ունի նաև Ռուսաստանը` Ղրիմի հետ կապված: Բոլոր դեպքերում աշխարհը չի ընկալի այդ փաստը, որ ԵՏՄ երկրները Հայաստանի առաջ դնեն Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեղադրելու պայման»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:

 

Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանը դժվար թե մաքսակետի հետ կապված խնդիրներ հարուցի Հայաստանի համար, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը կապված է ԵՏՄ հիմնադիր երկրների միջև եղած անհամաձայնությունների հետ: «Ես չեմ համարում, որ խնդիրը տնտեսական բնույթի է, խնդիրը երեւի քաղաքական է, բայց ոչ Հայաստանի հետ կապված,այլ ընդհանուր ԵՏՄ անդամ երկրների հետ է կապված, որովհետև Բելառուսն էլ, Ղազախստանն էլ միմյանց հետ անհամաձայնություններ ունեն»,- ասաց պատգամավորը:

 

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ է ուրեմն վարչապետ Հովիկ Աբրահամյանը խուսափում պատասխանել հարցին` մաքսակետ դրվելո՞ւ է Հայաստանի ու Արցախի միջև, թե՞ ոչ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Միգուցե իրենք ինֆորմացիա շատ ունեն, դրա համար են այդպես արձագանքում: Ես ինֆորմացիա շատ չունեմ: Ինչևէ, չեմ կարծում՝ նման մեծ կառույցները չստացվեն մի փոքր խնդրի պատճառով: Փաստերի հիման վրա ես էլ կարող եմ խոսել, ուղղակի չունեմ այդ փաստերը, ինչ ասում եմ` դրանք ընդամենը կանխատեսումներ են»:

 

Նշենք, որ այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը քաղաքական է եւ կապված է ԵՏՄ հիմնադիր երկրների կողմից Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հարցի հետ: