կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 10:55
Տարածաշրջան

Իրանը չի մասնակցի ՕՊԵԿ-ի` նավթի արդյունահանման մասին ցանկացած որոշման. Իրանի նավթի նախարար

Իրանը չի մասնակցի ՕՊԵԿ-ի` նավթի արդյունահանման մասին  ցանկացած որոշման. Իրանի նավթի նախարար

Այս փուլում, քանի դեռ շարունակվում են հակաիրանական պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի նավթի արդյունահանման մասին` ՕՊԵԿ-ի որոշումներին: Այս մասին Վիեննայում  լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն. տեղեկացնում է alikonline.ir-ը:

Հիշեցնենք, որ Նամդար Զանգանեն Վիեննայում է՝ մասնակցելու Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի 175-րդ համագումարին:

«Իրանը մշտապես աջակցել է ՕՊԵԿ-ի` նավթի միջազգային շուկայում կայունություն ստեղծելուն ուղղված որոշումներին: Այս փուլում, սակայն, քանի դեռ շարունակվում են հակաիրանական պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի նավթի արդյունահանման մասին` ՕՊԵԿ-ի որոշումներին: Իրանին պետք է բացառել»,- ասել է նա:

Նախարարը խուսափել է պատասխանել Իրանի նավթի արդյունահանման և արտահանման ծավալների մասին լրագրողների հարցին՝ նշելով, որ թվերի բացահայտումն Իրանի դեմ ԱՄՆ ճնշումների ավելացման պատճառ կդառնա:

Իսկ ինչ վերաբերում է միջազգային շուկայում նավթի օպտիմալ գներին, Նամդար Զանգանեն նշել է, որ նավթի գինը մեկ բարելի համար պետք է կազմի 60-70 դոլար:

Անդրադառնալով Իրանի հետ կապված հարցերով զբաղվող` ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի՝ Վիեննա այցելությանը՝ Իրանի նավթի նախարարն ասել է, որ եթե նա Վիեննա է ժամանել, որ ԱՄՆ-ի՝ ՕՊԵԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնի և այդ կապակցությամբ կազմակերպության անդամների հետ հանդիպի, ապա խնդիրը կարելի է ուսումնասիրել: Իսկ եթե մտադիր է ՕՊԵԿ-ի միջոցով ավելացնել Իրանի դեմ գործադրվող ճնշումները, ապա դա ոչ պրոֆեսիոնալ քայլ է: «ՕՊԵԿ-ն անկախ կազմակերպություն է, այլ ոչ թե ԱՄՆ էներգետիկայի նախարարության վարչություններից մեկը, որը հրահանգավորվում է Վաշինգտոնից»,- հստակեցրել է նա: