կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 11:46
Հասարակություն

Ոստիկանությունում կստեղծվեն ԴՆԹ քարտադարաններ

Ոստիկանությունում կստեղծվեն ԴՆԹ քարտադարաններ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղաիազարյանը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ համապատասխանեցվեն ՀՀ նոր Սահմանադրությանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել վարելու ԴՆԹ քարտադարաններ:

«Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանցացգրծություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել», - ասաց Եղիազարյանը։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց հստակեցնել, թե որն է լինելու այն նպատակը, որին հասնելու միակ ճանապարհը ԴՆԹ բնութագրերի հաշվառման իրականացումն է լիենլու։ «Պետք է հստակ ձևակերպել նպատակը, որ անձնական տվյալների պաշտպանության հետ հակասություն չլինի», - ընդգծեց նա։

Վարդան Եղիազարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններում որոշակի ճշգրտումներ և լրամշակումներ կլինեն, ինչը թույլ կտա խուսափել անձնական տվյալների պաշտպանությունը խախտելուց։

Հարցով հարակից զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները նոր հնչեղություն ու զարմանք չեն պարունակում: «Սա բխում է նոր Սահամանդրությունից: Ինչ վերաբերում է մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը, դա բխում է մեր շահերից, որևիցե մի ձև չի կարելի դեմ գնալ այս նախագծին։ Բոլոր զարգացած երկրներն այդ քարտադարաններն ունեն: Մեզ մոտ դեռ գործում է նախկին մատնանշման համակարգը, որն իրեն չի արդարացնում»,- ասաց պատգամավորը:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրեց, որ առաջարկվող փոփոխությունները որևիցե կերպ չեն վտանգում անձնական տվյալների պաշտպանությունը։

Ամփոփելով քննարկումը` Կորյուն Նահապետյանն ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի անձնական տվյալները պաշտպանված լինեն:

«Կա որոշակի խնդիր` մենք կարող ենք գտնել այնպիսի լուծում, որ հակասություն չառաջացնի անձնական տվյալների օրենքի հետ: Կարճ ժամանակում լրամշակենք նախագիծն այն մասով, որը վերաբերում է անձի հետապնդմանը»,- ասաց նա։

Հանձնաժողովը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, որը կընդգրկվի ԱԺ-ի` վաղը մեկնարկող քառօրյայի օրակարգում։