կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 21:31
Քաղաքական

Նոր ռադիոընկերություններ կստեղծվեն, թվային ռադիոհեռարձակման ժամկետները կերկարացվեն

 Նոր ռադիոընկերություններ կստեղծվեն, թվային ռադիոհեռարձակման ժամկետները կերկարացվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում ընգրկված է եղել 6 հարց: Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը և դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են:

Երկարաձգվել են նաև ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գործողության ժամկետները: Ներկայացված նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների ստեղծմանը, ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման քանակի և որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել պետական տուրքի չափերը: 

Գործադիրը հավանություն է տվել նաև «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի նորընտիր Ազգային ժողովի առաջին գումարման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման և չեղյալ հայտարարման ընթացակարգերի իրավական կարգավորումը և բացերի վերացումը: Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է ՀՀ կառավարությանը: