Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է «Աշխարհի մեծ դասը»` նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված նպատակներին: Օրվա առթիվ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Երևանի Հերացու անվան դպրոց, ուր այցելել էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
ԿԳ նախարարը նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացն այնպիսի հնարավորություն է տվել, որ աշխարհի որևէ մի անկյունում տեղի ունեցող որևէ իրադարձություն անմիջապես անդրադառնում է մեր կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: Ըստ այդմ էլ, ըստ Մկրտչյանի, մենք մեզ զգում ենք մեկ ամբողջական միավորի լիարժեք անդամ:
«Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք: Դուք ծնվել եք անկախ Հայաստանում, մտնելու եք քաղաքացիական պարտավորությունների մեջ անկախ Հայաստանում: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Սրա բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեր պատմահայր Խորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով»,- ասաց նախարարը:
Մենք, ԿԳ նախարարի բնորոշմամբ, այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարակում, և մեր` ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալու մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ մեր փոքրիկ գրադարակը: Այն, ըստ Մկրտչյանի, պետք է էությամբ համամարդկային լինի, ինչպիսին միշտ եղել է, իսկ բովանդակությամբ պետք է մերը լինի. այսպես է նաև աշխարհը հարստանում:
«ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություն, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: Այդ առաջադրանքները, իհարկե, մի մասով կլուծվեն մինչև 2030-ը, բայց, ընդհանրապես, մարդկությունն` իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր առաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվում է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ և, պահպանելով դրանք, հաջորդ սերնդին ավելի շատ ինչ-որ բան փոխանցել: Եթե մենք կարողանանք փոխանցել ձեզ, բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաև ճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան, դուք էլ ձեր հերթին ձեր հաջորդ սերնդին պետք է ավելին փոխանցեք»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա նշեց նաև, որ տարածաշրջանում մեկ ուրիշ ֆունկցիա էլ ունենք` մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն ու խաղաղության պակասից շատ է տուժել, ուրեմն, ըստ նախարարի, խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է: «Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնել»,- նշեց Մկրտչյանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն էլ նշեց, որ թվում է` մարդկությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան դրանց լուծում առաջարկում: Ըստ նրա` բոլորս էլ գիտենք, որ աշխարհը բարելավման կարիք ունի, սակայն պետք է հասկանանք` ի՞նչը պետք է բարելավվի ու ի՞նչ միջոցներով: «ՄԱԿ-ի` մինչև 2030թ. աշխարհի զարգացման 17 առաջնահերթություններից մեկն էլ խաղաղությունն է: Կարծում եմ` խոսելով խաղաղության մասին, շատ բաներ կարող ենք մտածել, բայց եթե բացենք այդ նպատակը, այնտեղ մեկ թիրախ կա` բոլոր տեսակի բռնությունների վերացումը երեխաների հանդեպ: Այդ թիրախին հասնելը շատ դժվար է: Գիտենք, որ շատ երկրներում արդեն իսկ հասել են դրան, ուստի գիտենք նաև` ինչ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի հասնենք դրանք»,- ասաց Ռադոչայը` հավելելով, որ ֆիզիկական բռնությունը կարող է հետագայում նաև մտավոր խնդիրներ առաջացնել. «Բայց այն կարող է նաև ավելի լուրջ հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ, օրինակ` քաղցկեղի: Ուզում եմ բոլորս հասկանանք` աշխարհը չի կարող լավը դառնալ մի քանիսի միջոցով, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենալ դրանում»:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով էլ` Հայաստանում այժմ բոլոր կրթական հաստատությունները միջազգայնացման ուղի են բռնել: «Միջազգային մակարդակի կրթություն` սա է ձեր ապագայի երաշխիքը, մեր պետականության, մեր սահմանի` անսասան լինելու: Յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթության կիզակետն է համարում պետականության ստեղծումն ու դրա պահպանումը: Օրեր անց նշելու ենք մեր պետականության 26-րդ ամյակը` տոն, որը խորհրդանշում է մեր դարավոր պայքարը, մեր պապերի, ձեր ընկերների պայքարը` պետականություն ունենալու և մեր արժեհամակարգն արժանապատվորեն աշխարհին ներկայացնելու»,- ասաց նա` հավելելով, որ ուրախ է գտնվել մի դպրոցում, որն իր կրթական մակարդակով կարող է ամենաբարձր միջազգային դպրոցների շարքում լինել:
Ըստ Մուրադյանի` ամենուրեք կարող ենք տեսնել մի շարք չլուծված խնդիրներ, սակայն կարևորը չհիասթափվելն է, քանի որ երկիր սիրել` չի նշանակում խնդիրներ չտեսնել, այլ անվերապահորեն նվիրված լինել ձեռքբերումներին ու բացթողումներին:
«Աշխարհի մեծ դասի» ժամանակ աշակերտները հարցեր ուղղեցին հյուրերին: