Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանի ելույթը երեկ՝ հուլիսի 27-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Լիզբոնի գործողության նահատակների 40-ամյակի հիշատակին նվիրված միջոցառմանը
«Նախ ուզեմ եմ անդրադառնալ Լիզբոնի գործողության ընկալմանը․ ի՞նչ էր Լիզբոնը։ Լիզբոնը, լինելով <<Զինյալ պայքարի>> մի մասնիկը և արդարև գագաթնակետը, ոչ ահաբեկչական, ոչ անգամ ծայրահեղ ազգայնական գործողություն չէր, Լիզբոնը ազգային ազատագրական պայքար էր, պայքար ուղղված թշնամու դեմ։ Լիզբոնի թիրախը թշնամական պետությունն էր՝ իր ցեղասպան քաղաքականությունը առաջ տանող ներկայացուցիչներով, իսկ պահանջը՝ քաղաքական, մեր քաղաքական հայրենիքի վերականգնումը։
Իր բնությթով սա նման էր ֆիդայական շարժմանը, որ թեև ոչ ուղղակիորեն, բայց անուղղակի կերպով հիմքը դարձավ Հայաստանի Հանրապետության անկախացման։ տարիներ շարունակ ֆիդայական պայքարը գաղափարապես սնեց մեր ժողովրդին՝ կոտորվող տեսակից դարձնելով պայքարող տեսակ։
Եվ ահա Լիզբոնը նոր ուժ տվեց մեր պայքարին՝ հայ երիտասարդությանը մղելով տեր կանգնել իրենց ազգային իրավունքներին։ Արդյոք այս ուժը չէր, որ մեր հազարավոր ազատամարտիկներին մղեց ազգային ազատագրական պայքարի, արդյոք այս ուժը չէր, որ Արցախյան առաջին պատերազմում առաջնորդեց մեր ժողովրդին դեպի հաղթանակ։
Լիզբոնի գործողության այս ամյակը ևս մեկ անգամ մտորելու, իրական գաղափարները վերարժևորելու առիթ է տալիս։
Պատանեկան տարիներիս, երբ դաստիարակվում էինք Լիզբոնի տղերքի օրինակով, մեզ համար դա մի մարտական ֆիլմ էր, դաշնակցական պատանու ոգևորություն, հուզում, հոգու փառավորում առաջացնող պատմություն։ Ունենալ նման գաղափարական նախնիներ՝ ավագ ընկերներ, ովքեր մեզնից մի քանի տարի մեծ լինելով միայն, իրենց կյանքն էին զոհել՝ հանուն ազգային արդար պահանջների պայթեցնելով թուրքական մի որջ եվրոպական մայրաքաղաքում։
Այսօր, երբ տարիների հեռվից նայում եմ այդ օրերին, մեկ բան ավելի պարզ է դառնում։ Լիզբոնի գործողությունը հենց սերունդների համար էր։ Լիզբոնի տղերքը իրենց կյանքը զոհել էին, որպեսզի տարիներ հետո, անկախ հայրենիքի մեջ, 12-13 տարեկան պատանիները իրենց որպես օրինակ ունենան, իրենցից սովորեն, թե ինչպես են գաղափարի ծառայում և ինչպես են անձնուրացաբար զոհում ամեն անձնականը, հանուն ազգայինի։
Իրապե՛ս, ի՞նչ էր Լիզբոնը։
Վերջին օրերին, շատ մտորումներ ինձ բերեցին հետևյալ հանգրվանին․ Լիզբոնը նվիրումի և գաղափարականության գագաթնակետն էր։
Երբ դուրս ես գալիս պատերազմի թշնամու դեմ, պատրաստ ես զոհվել, բայց թշնամու գնդակից։ Զինյալ պայքարի մեր տասնյակ մարտիկները երբ գնում էին գործողության, պատրաստ էին խոցվելու, պատրաստ էին ձերբակալվելու, բանտարկվելու, բայց թշնամու կամ օտարի կողմից։
Լիզբոնի նահատակությունն էր, որ գագաթնակետը դարձավ այս ամենի․ երբ թշնամուն խորտակեցին իրենց յետ և նահատակվեցին իրենց իսկ փամփուշտով և սա չարեցին հարկադրաբար, այլ գաղափարապես դրան պատրաստ լինելով։
Այստեղ է, որ բացառիկ է Լիզբոնի նահատակների նվիրումն ու կամքը, այստեղ է Լիզբոնի մեր նահատակ ընկերների հիմնական պատգամը։ Գիտակցված մահ, որ անմահություն բերեց։
Իսկ հիմա․ արդյ՞ոք մենք սովորել ենք Լիզբոնի տված դասը, արդյոք Լիզբոնի նահատակությանը արժանի պետություն և հասարակություն ենք պատրաստել։
Ի՞նչ պետք է սովորենք այսօր մենք Լիզբոնի մեր ընկերներից։ Այստեղ տեղին է մեջբերել մեր նահատակ ընկերոջ Սիմոնի Յահնեյանի եղբոր՝ Զարեհի վերջին օրերին գրված մտքերը։ Այսօր մեր նահատակ ընկերներից մենք պիտի սովորենք զիջել, այո՛, զիջել, բայց ոչ թշնամուն, ինչպես այսօր մեզ փորձում են ստիպել, այլ զիջենք մեր ԵՍ-ը, զիջենք մեր անձնական, մեր կյանքը, որպեսզի հզոր հայրենիք ունենանք և այդպիսով հարգենք մեր նահատակների հիշատակը։
Այո՛, սիրելի ընկերներ, սիրելի Սարգիս, Սիմոն, Վաչե, Սեդրակ և Արա։ 40 տարվա խորքից նորից մեր հայացքը ուղղում ենք դեպի ձեզ, դեպի ձեր սխրանքը և խոստանում կառուցել ձեր չտեսած, բայց երազած հզոր Հայրենիքը, որի սահմանները դուք և մեր հազարավոր հերոսները իրենց արյունով արդեն գծել են։
Փառք և խոնարհում մեր սուրբ նահատակներին»։