կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-05 12:28
Տնտեսական

Ճգնաժամն առաջանում է ոչ թե փողի պակասից, այլ այդ փողի շրջանառության կանգնելուց. գործարար

Ճգնաժամն առաջանում է ոչ թե փողի պակասից, այլ այդ փողի շրջանառության կանգնելուց. գործարար

«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա, ճգնաժամի ժամանակ փողը ֆիզիկապես չի կորել, էդ փողը երկրագնդում նույն քանակին է: Ճգնաժամն առաջանում է ոչ թե փողի պակասից, այլ այդ փողի շրջանառության կանգնելուց (եթե պատերազմ կամ ֆիզիկական ակտիվների ոչնչացում առաջացնող այլ աղետ չի ճգնաժամի պատճառը): Փողը շրջանառության ընթացքում լրացուցիչ արժեք է ստեղծում, իսկ երբ շրջանառությունը կանգնում է, սկսում է տարբեր օղակներում լրացուցիչ արժեք չստեղծվել և փողը մնում է ավելի սահմանափակ օղակների ձեռքին:

Դրա համար ճգնաճամերի ընթացքում ոսկու գինը միշտ բարձրանում է: Որովհետև փողը կամ սառում է կամ էլ հոսում է ավելի պասիվ ու վստահելի ոլորտներ:

Շատ ընդհանրացված եթե նայենք, նույն իրավիճակը Հայաստանում է: Փողը քանակի առումով դեռ նույնն է, բայց շրջանառության բացակայության պատճառով շատ օղակների չի հասնում:

Ասում եմ «դեռ» նույնն է, քանի որ, եթե շրջանառության դանդաղումը խփեց արտահանմանը, ապա փողը կսկսի կտրուկ նվազել, առաջացնելով բազմաթիվ ծանր հետևանքներ (միակ ելքը կմնա պետական պարտքի ավելացումը):

Եթե համեմատենք մարդու օրգանիզմի հետ, ապա կարելի է ասել, որ փողն արյունն է, բիզնեսն արյունատար անոթներն են, իսկ մարմինը տնտեսությունն է: Հիմա շատ արյունատար անոթներ արյուն չի գնում, պետք է փորձել հնարավորինս շատ մարմնի հանգույցներ արյուն հասցնել, քանի դեռ մարմնի էդ հատվածները չեն մահացել:

Ի՞նչ տնտեսական քաղաքականություն որդեգրել էս պահին:

1. Ամեն գնով փորձել չկանգնեցնել արտահանող ընկերություններին: Քանի որ, ոնց որ Թրամփն էր ասում, տնտեսության կանգնելուց մեզ մոտ ավելի շատ մարդ կմահանա, քան էս վիրուսից:

2. Մաքսիմում փորձել փոքրացնել չգործող ընկերությունների ցանկը, որ փողի շրջանառությունը հնարավորնս շատ օղակների առնչվի: Օրինակ, եթե մոլը, ռեատորանը կամ տուրիստական ընկերությունն ամեն դեպքում չեն կարող գործել, ինչ հակավարակային նորմեր էլ որ փորձեն պահպանել, ապա, ասենք Ագաթ տնտեսական խանութները կարող են գործել, նույն սուպերմարկետի նորմերը պահպանելով: Իսկ Ագաթում կամ Ագաթի նման խանութներում, տեսականորեն 1000 մարդ է աշխատում, փողը կշարունակի հոսել էդ մարդկանց մոտ, իրենցից էլ այլ ոլորտներ:

Այսինքն, հիմա պետք է վերցնել էդ փակված ընկերությունների ցուցակը, հերթով անցնել, հասկանալ, թե խիստ անվտանգության նորմերով որոնք կարող են վերաբացվել, գործել:

Դեռ դոմինոյի առաջին քարերն են ընկել, ամեն ինչ պետք է անել, որ մաքսիմում քիչ քարեր ընկնեն, որ հնարավորինս քիչ ոլորտների խփի էս ալիքը»: