կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 15:35
Մշակույթ

Չէինք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն. Կոմիտասի անվան լարային քառյակը` Խաչատրյանի անվան փառատոնում

Չէինք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն. Կոմիտասի անվան լարային քառյակը` Խաչատրյանի անվան փառատոնում

Նոյեմբերի 25-ին Խաչատրյանիանվան  4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա Կոմիտասի անվան լարային քառյակը։ Կամերային համերգի ծրագրում հնչելու են հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների գործեր (Ֆրանց Շուբերտ, Պյոտր Չայկովսկի, Էդվարդ Միրզոյան, Կոմիտաս…)։

Քառյակի առաջին ջութակ, ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոները երաժիշտներին միմյանց և հանդիսատեսի հետ շփվելու, երաժշտության, կոմպոզիտորների գործունեության մասին խոսելու հնարավորություն են տալիս։ «Փառատոների միջոցով տարբեր ոճերի են ծանոթանում, տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում` մենք Արևմուտքից ենք տեղեկություն ստանում, նրանք՝ մեզանից։ Ինչ վերաբերում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին, ապա պետք է ասեմ, որ մենք չէինք կարող չունենալ նրա անվան փառատոն։ Եվ հատկանշական է, որ հենց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է անցկացնում այս փառատոնը։ Փառատոնը նվիրված է հայ կոմպոզիտորական դպրոցի խորհրդանիշերից մեկին»,- ասում է ջութակահարը։ 

Թադևոսյանն առանձնացնում է նաև փաստը, որ փառատոնի ամբողջ ընթացքում հնչում են ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլև այլ կոմպոզիտորների գործեր։ Ի դեպ, Կոմիտասի անվան լարային քառյակն առաջին անգամ է մասնակցում խաչատրյանական փառատոնին։ Ընդ որում, մենահամերգին քառյակի կազմում առաջին անգամ հանդես է գալու թավջութակահարուհի Անժելա Սարգսյանը։

Թադևոսյանը, անդրադառնալով դասական երաժշտության ունկնդրին, նշեց, որ վերջին շրջանում երիտասարդացել է: «Շատ ուրախալի փաստ է։ Այլ ճյուղերում ճաշակի որոշակի անկում է նկատվում, իսկ դասական երաժշտության մեջ մենք տեսնում ենք լեփ-լեցուն դահլիճներ։ Սա, անշուշտ, ինչպես երիտասարդական նվագախմբի, այնպես էլ այլ կոլեկտիվների աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա։

Նշենք, որ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։