կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 15:20
Քաղաքական

Վրաստանը չի փոխել իր մոտեցումները. Սամվել Ֆարմանյան

Վրաստանը չի փոխել իր մոտեցումները. Սամվել Ֆարմանյան

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդես կգան հայտարարությամբ, որ ցանկացած կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է դրվի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք սա նշանակում է Ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանի մոտեցման փոփոխություն: Պատգամավորը նշեց` սա նշանակում է Վրաստանի մոտեցումների շարունակականություն:

«Գոնե օսական և աբխազական պատերազմներից հետո ես չեմ հիշում որևէ դեպք, երբ միջազգային որևէ հարթակում, առավել ևս` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ, ընդհանրապես, ՄԱԿ-ի մարմիններում, Վրաստանը հետևի որևէ այլ սկզբունքի, քան տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության հռչակումն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ այդ համատեքստում Վրաստանը Ադրբեջանի, Մոլդովայի, նաև Ուկրաինայի և հնարավոր այլ դաշնակից պետությունների հետ հնարավոր քայլեր է ձեռնարկում: Պատգամավորի կարծիքով՝ դա օրինաչափ է:

«Իմ պատկերացմամբ` սրանով պետք չէ չափել հայ-վրացական հարաբերությունների նրբություններն ու կարևորությունը»,- ընդգծեց նա` հավելելով, որ մենք պետք է ընդունենք իրերն այնպես, ինչպես կան:

«Վրաստանը պետություն է, որը միջազգային հարթակներում խոսում է իր տարածքային կորուստների մասին, հետևաբար` այդ սկզբունքը նրանց համար գերակայություն է»,- ասաց Ֆարմանյանը, ապա հավելեց, որ դա չի ազդում մեր դիրքորոշման վրա: