կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 19:19
Քաղաքական

«Երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը պետք է լսվի ավելի բարձր. Սամվել Ֆարմանյան

«Երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը պետք է լսվի ավելի բարձր. Սամվել Ֆարմանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցութան ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին:

«Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ,

Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական մի աննախադեպ համախմբում խորհուրդների հսկայական կայսրության հարավային սահմանին: Բալթյան երկրների անկախության շարժումների, լեհական «Համերաշխության» և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ծավալվող համանման ժողովրդավարական ընդվզումների հետ միասին, Ղարաբաղյան շարժումը և Խորհուրդների անընդունակությունը՝ որևէ տրամաբանական արձագանք տալու ծավալվող ժողովրդավարացման ալիքին, եկան ցնցելու Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի բուն հիմքերը՝ ի վերջո, 1991 թ. վերջում, հանգեցնելով Խորհրդային միության փլուզմանը:

Պատմական այս իրադարձության հոբելյանին ընդառաջ ոչ միայն պատմաբանների, այլ նաև քաղաքական գործիչների համար օգտակար կլիներ հետադարձ հայացք նետել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին համաշխարհային մամուլում և քաղաքական հաստատություններում առկա ժողովրդավարական այդ համախմբման շուրջ եղած արձագանքներին: Պատմության վկայակոչումը օգտակար է ոչ միայն փաստերը մեկտեղելու, երբ քննարկվում է առկա հիմնախնդրի համապարփակ կարգավորման հնարավորությունը, բայց նաև այդ ժամանակաշրջանի շունչը զգալու տեսանկյունից: Այն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով պատմութան զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաև սեփական անցյալը, իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը <<վերագտնելու>> ջանքերը, իբրև ազգային ինքնության կերտման շարունակվող գործընթացի մի բաղադրիչ, գործընթաց, որը, ցավոք սրտի, խարսխվում է հակահայկական ատելության պլատֆորմի վրա:

Ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել եմ՝ երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր:

Այսպես. Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը «Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին»: Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձևում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. <<այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման>>: 1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձևում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ «անմիջապես վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը»: 1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. «Միացալ նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանութունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը և ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների և Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձևեր, ինչպես նաև համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:

Ուրախությամբ և երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաև այսօր, վստահաբար շարունակվելու է նաև վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի և խորացող խավարի»: