կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 18:17
Քաղաքական

Հարաբերությունները կարգավորվում են փաստաթղթերով, ոչ թե որևէ դեսպանի ցանկությամբ. Սամվել Ֆարմանյան

Հարաբերությունները կարգավորվում են փաստաթղթերով, ոչ թե որևէ դեսպանի ցանկությամբ. Սամվել Ֆարմանյան

Եթե Հայաստանում Եվրամիության ներկայությունն այլևս ցանկալի չէ, մենք այն չենք պարտադրի. այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, երբ լրագրողները նրան հարց են ուղղել` կապված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Տիգրան Մուկուչյանի հայտարարությունների հետ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են իրավապայմանագրային հիմքով:

«Մենք հիմա ԵՄ-ի հետ բանակցությունների վճռորոշ փուլում ենք, նախաստորագրման փուլում ենք, սպասում ենք այդ փաստաթղթի ստորագրմանը: Երկու միջազգային սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված փաստաթղթերով և ոչ թե, առանձին վերցված, որևէ դեսպանի` ՀՀ-ի, ԵՄ-ի դեսպանի, որևէ դիվանագետի կամ նույնիսկ որևէ քաղաքական պաշտոնյայի ցանկությամբ»,- ընդգծեց Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ԵՄ-ն ՀՀ առաջնահերթ գործընկերներից մեկն է: «ԵՄ-ի հետ պայմանագրային հիմքով համագործակցության խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: ՀՀ-ն այսուհետ էլ մտադիր է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը, և դա կողք կողքի է քայլում մեր երկրում բարեփոխումների օրակարգի հետ»,- ասաց պատգամավորը:

Ֆարմանյանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանին տարատեսակ աջակցություններ է ցուցաբերել և այդ աջակցությունը կենսունակ ու մեծ նշանակություն է ունեցել մեր երկրում բարեփոխումների առաջմղման հարցում, ինչի համար էլ երախտապարտ ենք ԵՄ-ին: «Վերջին լավագույն օրինակը ընտրակարգի հետ է կապված, որտեղ ԵՄ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ առաջ տանել ընտրական պրոցեսների որակը մեր երկրում»,- ասաց նա:

Ֆարմանյանի կարծիքով` վերջին հայտարարություններին լրացուցիչ դրամատիզմ հաղորդելու կարիք չկա:  «Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի բոլոր կողմերի համար:  Մի կողմից` մենք` որպես պետություն, շատ բարձր ենք գնահատում ԵՄ-ի հետ  մեր հարաբերությունների որակը, երախտապարտ ենք մինչ օրս մեր երկրում բարեփոխումների և այլ հարցերի ցուցաբերած աջակցության համար, մյուս կողմից` կան հարցեր, որոնք սահմանադրորեն մեր պետության, ինքնիշխան պետական մարմինների գործառույթների տիրույթում են: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շահագրգիռ մտահոգությունները` կապված մեր երկրում  այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ»,- հայտարարեց նա, ապա հավելեց.  «Միևնույն ժամանակ, որպես պետություն, երբ գնահատականներ են հնչեցվում այս կամ այն երևույթի, կառուցակարգի գործընթացների մասին, միշտ նպատակային և ավելի օգտակար է լսել համակողմանի գնահատական, մանավանդ, երբ դա վերաբերում է ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  շեշտել էր, որ ԿԸՀ-ն արժանահավատ կառույց չէ, և որ հարկավոր է նրա կազմը համալրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով, ինչին հետևել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը` պարոն Սվիտալսկու հայտարարությունը  ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է: