Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին:
Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ: MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ: Ուշագրավ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր:
Հետագայում ևս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում: Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաև Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:
Velasco International-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացված հաշիվը, սերտ կապեր ունի Հունգարիայի և Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին: Átlátszó ընկերության ներկայացրած բացահայտումներում երևում է, որ ադրբեջանական ընկերությունների հետ գործարքներում ներգրավված են եղել նաև Օրբանի կառավարությանն առընթեր հետախուզական ծառայության գործակալը, վարչապետի գլխավոր խորհրդականի ներկայացուցիչը և այդ երկրում կարևոր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում