կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 12:22
Քաղաքական

Մարդասիրության, բարի կամքի ու փոխվստահության համար թող Սաֆարովին հանձնեն մեզ. ԼՂՀ-ի պատասխանը` ԱՄՆ պետդեպարտամենտին

Մարդասիրության, բարի կամքի ու փոխվստահության համար թող Սաֆարովին հանձնեն մեզ. ԼՂՀ-ի պատասխանը` ԱՄՆ պետդեպարտամենտին

Տեղեկացրել էինք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ՝ Վիկտորյա Նուլանդի հայտարարությանը: Փսակին նշել է, որ, այո, հայկական կողմը պետք է դիվերսանտներին վերադարձնի Ադրբեջանին. «Դա կդիտվի որպես մարդասիրական ժեստ, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու ստեղծում վստահություն կողմերի միջև»:

 

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, սա պարզապես Ադրբեջանի խնդրանքն էր, որպեսզի նման գաղափարներ հնչեցվեն, որովհետև տրամաբանական չէ, մանավանդ` Ամերիկայի պես ժողովրդավարական պետության համար, կոչ անել` ազատ արձակել դիվերսանտների, հանցագործների և ահաբեկիչների:

 

«Այդ հարցը վաղուց փակված է, և ամբողջ աշխարհը տեղյակ է այդ մասին: Նույն Նուլանդը կամ Փսակին, եթե հետևել են այդ դատավարությանը, որը տեղի է ունեցել բաց ու թափանցիկ ձևով, պետք է իմանային, որ դատավարությանը մասնակցել են թե՛ մարդու իրավունքների պաշտպաններ, թե՛ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիվերսանտների մեղքն ապացուցվել է, և, ընդհանրապես, մենք դրսևորել ենք մեծ բարի կամք, որովհետև ինքնադատաստան չենք արել` նույնիսկ ունենալով բոլոր ապացույցները, որ նրանք կատարել են դիվերսիոն ահաբեկչական գործողություններ: Մենք իրականացրել ենք այնպիսի դատավարություն, որը վայել է ժողովրդավարական պետությանը»,- ասաց Բաբայանը:

 

Նա զարմացած է` ի՞նչ է, ուրիշ խնդիր չկա՞ այս աշխարհում, մնացել էր դիվերսանտներին հանձնելու հարցը քննարկվեր:

 

Ըստ Բաբայանի` եթե որևէ մեկը կարծում է, որ նման քայլով իրավիճակը կլավանա տարածաշրջանում, կողմերի միջև փոխվստահություն կլինի, ապա մենք էլ առաջարկում ենք Սաֆարովին հանձնել մեզ: «Գուցե դա ընդհանրապես նոր բեկում մտցնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչո՞ւ որևէ մեկը չի ասում` հանձնեք Սաֆարովին հայկական կողմին: Կեսկատակ, կեսլուրջ ասում եմ` միգուցե մենք այդ դիվերսանտներից մեկին կարողանանք փոխանակել Սաֆարովի հետ, գուցե այդ փոխանակումը լինի փոխվստահության մթնոլորտի ձևավորման կամ փոխզիջումային տարբերակ»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մտադրություն մենք չունենք, որովհետև ամեն ինչ իրականացվել է օրենքի շրջանակում, նրանց վերադարձնելը կլինի անբարոյական քայլ, կնշանակի` անտեսել օրենքը, նրանց կատարած հանցագործությունները:  «Սա բարի կամք չի լինի, այլ օրենքի ոտնահարում և թուլամորթություն»,- ասաց նա: