կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 14:17
Իրավական

Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով հայկական կողմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել, որոշումն ակնկալվում է այս տարի

Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով  հայկական կողմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել, որոշումն ակնկալվում է այս տարի

Բուդապեշտում  ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող` ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի` ադրբեջանցի մարդասպանի կողմից սպանությունից անցել է 15 տարի: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը հերթական անգամ պնդում է՝ հայ սպայի դաժան սպանությունը եղել է պետական պատվեր և կատարվել է ազգային հողի վրա:

«Ամբողջ դատավարության ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր մանիպուլյացիաների գնաց: Սկզբում Ռամիլ Սաֆարովը դատարանում ասում էր, որ սպա է դարձել, որպեսզի ոչնչացնի բոլոր հայերին: Այն ժամանակ խոսք էին տվել, որ դատավարությունը կլինի Բաքվում, և ամեն ինչ արել էին դրա համար, կար դատախազի որոշումը, որ գործը պետք է տեղափոխվի Բաքու, սակայն մեզ հաջողվեց անել այնպես, որ դատավարությունը լինի Բուդապեշտում: Եվ այս պահից ադրբեջանական կողմի պաշտպանական մեխանիզմը լրիվ փոխվեց. նրանք սկսեցին տարբեր փորձագետների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Առաջին փորձաքննության արդյունքով հաստատվել էր, որ Սաֆարովը հոգեպես լիովին առողջ է և գիտակցել է` ինչ է արել, բայց նրանք պահանջեցին երկրորդ փորձաքննությունը, և պարզվեց, որ նա սահմանափակ մեղսունակ է, թե իբր տեսել է ղարաբաղյան կոնֆլիկտը և դրանից հետո հայերին տեսնելիս սթրեսների մեջ է ընկնում: Ես պահանջեցի երրորդ փորձաքննությունը, որը չանցավ առանց ադրբեջանական միջամտության, և ստացվեց մի պատկեր, թե Սաֆարովը լրիվ անմեղսունակ է: Եվ քանի որ Հունգարիայի օրենսդրությամբ չորրորդ փորձաքննություն նախատեսված չէ, ինձ հաջողվեց հասնել նրան, որ դատարանը չեղարկեց երրորդ փորձաքննությունը և նշանակեց նոր փորձաքննություն, որը հաստատեց՝ Սաֆարովը լրիվ մեղսունակ է և գիտակցել է` ինչ է արել: Ըստ այդմ՝ Սաֆարովը ստացավ խստագույն  պատիժ, այն է՝ ցմահ բանտարկություն՝ 30 տարի առանց ներման իրավունքի, ավելին` առանց ներման դիմում ներկայացնելու իրավունքի»,- մանրամասնեց փաստաբանը:

Նա հայտնեց, որ Ադրբեջանը 8 տարի շարունակ բողոքարկել է, ինչպես նաև դիմել արտահանձման համար, բայց այդ 8 տարվա ընթացքում ոչինչ չի ստացվել: Սակայն իշխանությունը փոխվեց Հունգարիայում, և Ադրբեջանին անօրինական ճանապարհներով հաջողվեց Սաֆարովին 8 տարի հետո տեղափոխել Բաքու:

«Հունգարիան համաձայնեց արտահանձնել՝ խախտելով միջազգային նորմերը: Ճիշտ է՝ արտահանձման մասին կոնվենցիայի կողմ են և ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հունգարիան, բայց այնտեղ խստագույնս նշված է՝ այն կողմը, որտեղ արտահանձնվելու է դատապարտյալը, պետք է բոլոր հավաստիացումները տա, որ հանցագործը պատիժը նույն ձևով կրելու է: Այս հավաստիացումները պետք է հունգարական կողմը ստացած լիներ: Բայց մենք տեսանք, որ 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, և այն, ինչ տեղի ունեցավ անմիջապես, դա ներում չէր, այլ արդարացում, որովհետև ներման դեպքում որևէ իրավունք չի վերականգնվում, բայց Սաֆարովին վճարեցին  8 տարվա աշխատավարձը, բնակարան նվիրեցին և բարձրացրեցին կոչումը: Այն, որ Ռամիլ Սաֆարովն արդարացվեց, Ադրբեջանը դրանով իսկ իր վրա վերցրեց հայ սպայի սպանության պատասխանատվությունը: Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ  ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, տեսնում ես, որ նա բավականին հեռանկարային սպա է եղել, որովհետև ուսումնարանն ավարտել է Բաքվում, հետո ակադեմիա` Թուրքիայում, Հյուսիսային Կիպրոսում մասնակցել է զորավարժանքների, որտեղ էլ սովորել է կացինով մարդ սպանելը, ինչպես նշել է հենց ինքը` Սաֆարովը»,- նշեց Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ միաժամանակ խախտվել է հենց Ադրբեջանի օրենսդրությունը, նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը ներման կարգի մասին, որով  ցմահ ազատազրկվածի ներումը  կարող է փոխարինվել 20 տարվա ազատազրկմամբ, բայց ոչ երբեք` ազատ արձակմամբ։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանը տեղեկացրեց, որ վերը նշված հիմքերով 2013-ի փետրվարի 25-ին դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածների հիմքով:

«Երկրորդ հոդվածը կյանքի իրավունքն է, 14-րդը՝  խտրականության անթույլատրելիությունը: Իսկ այս սպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա. գործով ապացուցվել է, որ որևէ վեճ չի եղել մեր տղաների և ադրբեջանցի մասնակիցների միջև, որևէ շփում չեն ունեցել, քանի որ տարբեր խմբերում են սովորել: Կրկնում եմ՝ Սաֆարովը հայտարարել է, որ սպա է դարձել հայերին ոչնչացնելու համար, և եթե անգամ 100 տարի նստի, դրանից հետո շարունակելու է հայ սպանել: Եվ այս ամենից հետո զարմանալի էր, որ հունգարական կողմը համաձայնել է արտահանձնել նրան: 2016-ի հունվարին ՄԻԵԴ-ի որոշմամբ սկսվեց կոմունիկացիան, և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին. մենք երկու կառավարություններին ենք որպես պատասխանող կողմ ճանաչել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Հունգարիային մասնավորապես հարցադրում է ուղղվել՝ ի՞նչ հիմքով էր մինչ 2012-ը մերժել Ադրբեջանի՝ արտահանձման պահանջները:

«Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում` նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյո՞ք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե` այո, ապա ի՞նչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,- ասաց Նազելի Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, և հույս կա, որ ՄԻԵԴԸ վերջապես այս տարի կկայացնի այս գործով վճիռը:

«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի: Մյուս կողմից՝ արդար վճռի դեպքում ինչպե՞ս այն կկատարվի, դա Ադրբեջանի խնդիրն է, մեզ համար կարևոր է ունենալ նման փաստաթուղթ, նման գնահատական ՄԻԵԴ-ի կողմից»,- ընդգծեց փաստաբանը՝ նշելով, որ այս սպանությունը ցեղասպանական տարրեր է պարունակում, և բոլոր հիմքերը կան՝ դիմելու  նաև Միջազգային քրեական դատարան:

Նազելի Վարդանյանն ակնարկեց նաև հայկական կողմի անգործության մասին՝ նշելով, որ տեղյակ է պահել սպասվելիք արտահանձման մասին: «Օգոստոսի սկզբից ես տեղեկություն էի ստացել, որ արտահանձնում լինելու է, տարբեր պետական մարմիններին դիմել եմ, այս գործում ներգրավվեց նաև Լարիսա Ալավերդյանը՝ որպես ՄԻՊ, 80 ստորագրություն հավաքվեց տարբեր հասարակական կազմակերպություններից, բայց պետական մարմիններն արձակուրդում էին, իրավասու բարձր պաշտոնյաները հանգստանում էին, իսկ նրանք կոչված էին սա կանխել և այս հարցը լուծել: Օգոստոսի 30-ին ես և Լարիսա Ալավերդյանը ասուլիս տվեցինք, որ ինչ-որ կերպ տեղաշարժ լինի, և մեր կառավարությունը միջամտի, բայց որևէ բան չգործադրվեց»,- հայտնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում` և ադրբեջանցին: Դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մուկուչյանին, ապա գնացել իր սենյակը: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելիս դուռը չէր փակում, առավոտյան կողմ, կացինը ձեռքին, գնացել է նրա սենյակը և կացնի հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու: Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,- պատմել է հունգարացին:

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մուկուչյանը: Սաֆարովը, արյունոտ կացինը ձեռքին, սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ, բացի հայի արյունից, իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: «Ես արթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ Սաֆարովը ռուսերեն գոռգոռում էր, թե` բոլոր հայերին սպանելու եմ»,-  դեպքից հետո պատմել էր Մուկուչյանը:
 
2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց` միաժամանակ նաև մայորի կոչում տալով: