կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 12:41
Մշակույթ

Ռամիլ Սաֆարովին էլ հերոսացրին` շրջանցելով օրենքը. Նելլի Շահնազարյանը` Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին

Ռամիլ Սաֆարովին էլ հերոսացրին` շրջանցելով օրենքը. Նելլի Շահնազարյանը` Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին

Լավ փոփոխություն դեռ չի նկատվում, իսկ այն փոփոխությունները, որ կատարվում են` կապված օպերայի և այլ թատրոնների օպտիմալացման հետ, վստահորեն ասում եմ` ոլորտը չիմանալու խնդրի հետ է կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գրող, արձակագիր, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը:

«Ուզում եմ առանձնահատուկ կանգ առնել օպերայի թատրոնի վրա. երեկ դիտում  էի «Կախարդական սրինգը», ասեղ գցելու տեղ չկար, անշլագ էր, ոտքի վրա էին մարդիկ: Ներկայացման ընդունելությունը ես ուզում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանին ընդունելու հետ, քանի որ այն, ինչ տեղի էր ունենում թատրոնում, նույնն էր, ինչ տեղի էր ունենում նախորդ տարվա ապրիլ-մայիսին փողոցում»,- ասաց նա:

Անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հանգամանքին` բանախոսը նշեց` օրենքին հղում անելն ու, ըստ այդմ, Օրբելյանին պաշտոնանկ անելը տրամաբանական չէ, օրենքն այստեղ անզոր պետք է լինի, բոլոր տեսակի օրենքները պետք է ստորադասվեն մշակութային հզոր գործունեությանը:

«Ես մի համեմատություն եմ ուզում անել, որը գուցե այդքան էլ տեղին չէ, բայց համեմատության մեջ նույն գիծն ունի: Հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին մեր հարևան երկրում չեմ կարծում, թե օրենքով հերոսացրեցին: Ադրբեջանի օրենսգրքում դժվար թե լինի այդպիսի կետ, որ թույլ տա մարդասպանին պարգևատրել, ազգային հերոսի կոչում տալ, բայց այդ մարդուն հերոսացրին, չէ՞: Այդպիսի ախմախ բան անելով ու օրենքը շրջանցելով` իրենց ժողովրդին էին ոգևորում: Հիմա ի՞նչ է նշանակում` օրենքն այսպես չէ, այնպես չէ, մենք աշխարհին ներկայացնելու ենք ոչ թե թղթի վրա գրված օրենքով, այլ արվեստով, մշակույթով»,- ասաց թատրոնի փոխտնօրենը:

Դառնալով Նազենի Ղարիբյանի այն պատճառաբանությանը, թե Օրբելյանը շատ է բացակայում երկրից, Շահնազարյանը շեշտեց. «Թատրոնի տնօրենները եթե նստեն տեղները, ոչ մի տեղ չգնան, որևէ հանդիպում չունենան, ապա մշակութային կյանքը զարգացում չի ապրի: Ինչպե՞ս ենք  հյուրախաղեր կազմակերպելու, ինչպե՞ս ենք պայմանավորվածություններ ձեռք բերելու: Հեռախոսային խոսակցությունը լրիվ այլ բան է, մարդու հետ դեմ դիմաց խոսելը` լրիվ այլ բան: Թատրոնում նստելու համար փոխտնօրեններ ու կոմպետենտ այլ մարդիկ կան, որ աշխատանքը կազմակերպում են բնականոն հունով: Տարակուսելի է նաև այն մեղադրանքը, թե հայերենին չի տիրապետում: Երաժշտությունը, ներակայացումը որևէ լեզու չի ճանաչում: Օրինակ` Սունդուկյանի թատրոնում եղել է այդպիսի բան, որ ֆրանսիացի ռեժիսորը ներկայացում է բեմադրել, ու որևէ խնդիր չի եղել: Ի՞նչ պարսավելի բան կա: Ինչ վերաբերում է թղթաբանությանը, կան մասնագետներ, որ զբաղվում են դրանով»:

Ըստ Շահնազարյանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդիրը լիարժեք ու համակողմանի չեն ներկայացնում, ու նա իրականում տեղյակ չէ, թե ոլորտում ինչ է կատարվում: «Ի վերջո, մի փաստ գոյություն ունի, որ համարյա կիսամեռ թատրոնը Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ աշխարհին ներկայանում է հարուստ գործերով: Վերջերս նույնիսկ Մոսկվայի օպերայի թատրոնում Հայաստանի օպերան հանդես եկավ, ինչը մեծ պատիվ  էր բոլորիս համար: Իսկ մեր մշակույթի նախարարի պաշտոնակատարը օպերայի թատրոնի ներկայացումների պրեմիերաներին ներկա չի եղել, բայց մշակույթի ոլորտի թիվ մեկ նախարարի ամենամեծ զբաղվածությունը ներկայացումներ նայելը պետք է լինի, դրանից ավելի մեծ զբաղվախություն չպետք է լինի: Ինչպե՞ս կարող էր թատրոնի վեց պրեմիերաներից որևէ մեկին ներկա  չգտնվել»,- նշեց նա:

Նելլի Շահնազարյանը նաև ընդգծեց, որ նախարար կամ փոխնախարար ընտրելիս պետք է հաշվի առնել ոլորտի նշանավոր դեմքերի կարծիքը, որպեսզի բանիմաց կադր ընտրվի, ոլորտից տեղյակ լինի: