կարևոր
5125 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 14:17
Աշխարհ Տարածաշրջան

Թուրքիան 77 մլն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին հայերի վրա հարձակվելու համար, ես թույլ չեմ տա Թուրքիային Ֆ-16 կործանիչներ վաճառել. Մենենդես

Թուրքիան 77 մլն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին հայերի վրա հարձակվելու համար, ես թույլ չեմ տա Թուրքիային Ֆ-16 կործանիչներ վաճառել. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով հայտնի է իր հայանպաստ և հակաթուրքական դիրքորոշմամբ, ադնրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապօրինի գործունեությանն ընդդեմ Հայաստանի և մասնավորապես Էրդողանի սպառնալիքներն ուղղված Հունաստանի:

Սպառնալիքները, հիշեցնենք, այն էր, որ Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիներում անցկացվող զորավարժությունների հետ կապված Թուրքիայի նախագահը Աթենքին հորդորել է «հանգստություն պահպանել» և չհրահրել Անկարային՝ հավելելով, որ հակառակ դեպքում թուրքական բանակը «հանկարծ կարող է այցելել գիշերը»։ Հնարավոր հակաքայլերին արժանահավատություն հաղորդելու համար Էրդողանն ասել է, որ Թուրքիան մշակել է «Թայֆուն» բալիստիկ հրթիռ՝ մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ։

Սենատոր Մենենդեսը Էրդողանի նախազգուշացումն անվանել է «ոչ միայն անհանգստացնող, այլեւ անընդունելի»։

Սենատորը Թուրքիային նաև մեղադրել է Ադրբեջանին զինելու միջոցով խաղաղ հայերի սպանություններին նպաստելու մեջ։ Նա նշել է, որ հայերի վրա հարձակվելու համար Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի սպառազինություն է փոխանցել:

Մենենդեսը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում հետապնդվում և փողոցներում սպանվում են Հայոց ցեղասպանության թեման բարձրացնողները:

«Եթե մարդու իրավունքների խախտումներին հակադրվելու, հայ խաղաղ բնակիչներին սպանելու համար Ադրբեջանին զենք տրամադրելու դեմ խոսալու և Հունաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ անելու համար ինձ դարձնեն Էրդողանի թշնամին, ապա ես պատրաստ եմ հպարտությամբ կրել այս սահմանումը»,- ասել է սենատորը՝ հավելելով, որ նա թույլ չի տա ԱՄՆ-ին Թուրքիային վաճառել F-16 կործանիչներ։

«Ես նորից կկրկնեմ դա»,- ընդգծել է Մենենդեսը։ «Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես կխոչընդոտեմ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի դադարեցնի իր հարձակումները տարածաշրջանում»։