| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հրավիրվել է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում են Արցախի Հանրապետությունից պաշտոնյաներ, ԱԺ «Ելք» դաշինք» և ՀՀԿ խմբակցությունների անդամներ: Ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և այլք:
Զեկույցով հանդես եկավ Արցախի Հանրապետության ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Զեկույցից հետո նրան հարցեր ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հետաքրքրվեց`ինչ խնդիրներ էր դրել Ադրբեջանն իր առաջ,քանի որ մասնագետներն ասում են` հետախուզական նպատակներ է ունեցել: Ապա Փաշինյանը հետաքրքրվեց` որքանո՞վ էր մեզ համար անսպասելի ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի հարձակումը և որքանո՞վ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական բալանսը։
Առուստամյանը նախ նշեց, որ համաձայն չի այն մտքի հետ, որ դա եղել է հետախուզության իմաստով: «Կենտրոնական ենթակայության զորամասերի աստիճանաբար ներքաշումը գործողություններին, դրա մասին է խոսում խոշոր զորախմբավորում ստեղծելու, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառումը, իրենց համազորային ստորաբաժանումները պատրաստ չէին հետագա գործողությունների… Իրենք գնացել են ամբողջովին ռազմական ճանապարհով հարցի լուծման»,- ասաց նա:
Նա նաև ընդգծեց, որ սկզբում հակառակորդի գործողությունների այնպիսի պատկեր չի եղել, թե նա լայնածավալ հարձակում է պատրաստվում իրականացնել: «Հերթական դիվերսիոն ներթափանցման փորձի տպավորություն է եղել, և մենք էլ այդ փորձը կանխելու միջոցառումներ ենք ձեռնարկել»,- ասաց նա: ՊԲ գնդապետն անկեղծացավ` նշելով, որ չենք ունեցել ավելի խորը հետախուզման միջոցներ, սակայն, ըստ նրա, հիմա բավականաչափ տեխնիկա է ձեռք բերվել: Նրա խոսքով` հնարավորություն կա նաև օնլայն ռեժիմում դիտարկելու մարտավարական գոտու իրավիճակը:
Ինչ վերաբերում է հարցին` որքանո՞վ է պահպանվում ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Առուստամյանը նշեց. «Ռազմական բալանսի տեսակետից` եթե վերցնենք զուտ թվային և հարաբերական հարաբերակցությունը, ապա 1994 թվականից նրանց ռազմական հզորությունը գերազանցել է մերը»: Սակայն, ըստ նրա, դրանով չի կարելի գնահատել, թե մենք պատերազմում պարտված ենք: Գնդապետի խոսքով` բավականին գործոններ կան, որոնց արդյունքում ռազմական գործողությունները կարող են այլ ելք ունենալ: «Կարևորը զորքի որակն է»,- եզրափակեց Առուստամյանը: