Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխանությունների ակնհայտ կազմակերպած հերթական շոու-ծրագիրն էր, երևի ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների շրջանակներում», - Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքին, ասաց համալսարանի՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
Նա պնդում է՝ ուսխորհրդի նախագահը որևէ առնչություն չունի նշված դեպքի հետ, ավելին՝ նա այդ դեպքի ժամանակ միջոցառման է եղել, դա հաստատող վկաներ կան։
«Ինչի համար որ բերման են ենթարկել Դավիթին, ինքը դրա հետ որևէ առնչություն չունի: Նա այդ դեպքի հետ կապված է այնքանով, որքանով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը», - նշում է Վ. Վարագյանը:
Անդրադառնալով ռեկտորի ժ/պ-ի հայտարարությանը, համաձայն որի՝ Դավիթ Ափոյանը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որից հետո միայն ձեռնաշղթաներ են հագցրել նրան, Վարագյանն ասաց. «Վստահաբար ասում եմ, նման բան չի եղել, ապատեղեկատվություն է տարածվել»:
Վարագյանը նշեց նաև, որ օրվա ընթացքում ռեկտորի ժ/պ-ն Դավիթ Ափոյանին հանդիպելու, զրուցելու, պարզաբանելու որևէ փորձ չի արել:
«Անընդունելի է նման ձևով ԵՊՀ-ից որևէ մեկին բերման ենթարկելու երևույթը, եթե խոսքը ծանր դեպքի մասին չէ: Իսկ այսօր տեղի ունեցածն ուղղակի հարիր չէ ակադեմիական միջավայրին և պատիվ չի բերում համալսարանին», - եզրափակեց Վարագյանը:
Հիշեցնենք՝ այսօր կեսօրին, ԵՊՀ վարչական շենքի միջանցքից, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայությամբ, հատուկջոկատայինների կողմից ձեռնաշղթայվել և բերման է ենթարկվել ՈՒսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Նա կասկածվում էր օրեր առաջ Իրավաբանական ֆակուլտետում տեղի ունեցած դեպքերի մանրամասներն իմանալու և թաքցնելու մեջ: Բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց՝ Դ. Ափոյանն ազատ է արձակվել:
Ժամեր անց բերվել են մի շարք անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Դավիթ Ափոյանը հիշյալ դեպքի պահին միջոցառման է եղել:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ուսանողական կառույցներ և առանձին անհատներ դատապարտել են տեղի ունեցածը՝ այն որակելով հակաիրավական և հակաակադեմիական:
Գևորգ Գյուլումյան