Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները` թե որ ապրանքը որքանով է թանկացել:
«Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի: Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ` նոյեմբերի 20-ից սկսած:
Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ` ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա:
Սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, և ուսումնասիրության ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք: Կաթնամթերքի գները տարբեր չափով են փոխվել, ընդ որում` ասեմ, որ կան որոշ տեսակներ, որ գնային փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ՝ նույն կաթը կամ պանիրը, որն իր տեխնոլոգիական առանձնահատկություններով արտադրվում է անարատ կաթի հիման վրա: Դրանց գծով էական գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ի դեպ, ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել: Խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողների՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին:
Տարընկալումներից խուսափելու նպատակով, ճիշտն ասած, չէի ցանկանա առանձին ապրանքների գծով ներկայացնել գնային փոփոխությունները, որովհետև նույն ապրանքի գծով կարող են տարբեր գներ արձանագրվել՝ կախված մի շարք չափանիշներից, օրինակ՝ որակից, տեսակից, ծագման երկրից, արտադրողից: Ապրանքային նշանից կախված օրինակ բերեմ` մենք մեր դիտարկումների ժամանակ ֆիքսում ենք հստակ կոնկրետ ապրանքատեսակներ, որոնց գծով իրականացնում ենք գնային դիտանցումներ:
Օրինակ, բրնձի գծով մենք ուսումնասիրում ենք կիլոգրամով, քաշով վաճառվող բրինձը, որի 1 կգ-ը այս պահի դրությամբ «Երևան սիթի» խանութների ցանցում արժե 375 դրամ՝ 325 դրամից դարձել է 375 դրամ, այսինքն՝ գների փոփոխությունը կազմել է 4 տոկոս: Մինչդեռ այդ նույն բրնձի կողքին վաճառվում է նաև «Մառանիկ» անվանումով բրինձը, որը փաթեթավորված է, մաքրված, որոշ չափով վերամշակված և համարվում է բրենդային ապրանք, և այդ նույն բրնձի գինը 4 անգամ ավելի է, քան այն բրնձինը, որը գտնվում է մեր ուսումնասիրության շրջանակում: Այդ պատճառով մեր ուսումնասիրության ժամանակ մենք դիտարկում ենք այն ապրանքները, որոնք առավել ներկայացուցչական են և բնակչության լայն շրջանակների համար մատչելի: Այդ պատճառով չէի ցանկանա առանձին-առանձին ապրանքների գնային փոփոխությունները ներկայացնել:
Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով մենք ուսումնասիրություն ենք իրականացրել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, և փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում»: