Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որքան էլ փորձ է արվում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը, իր չհիմնավորված գործողություններով մեծ հարված է հասցրել երկրի առանց այդ էլ ցածր ներդրումային գրավչությանը։
Խոսքը ներդրումային բում ապահովելու խոստումների մասին չէ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ դա չի լինելու։ Այդ ամենն արվում էր հասարակության անտեղյակ խմբերին գրավելու նպատակով։ Երկար ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։ Իշխանափոխությունից հետո անցել է 7-8 ամիս, բայց ներդրումային վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ ցուցանիշներ արձանագրել։
Այսպես. այս տարվա ինը ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը եղել են 59,8 մլրդ դրամ։ Խոսքը մուտքերի եւ ելքերի տարբերության մասին է։ Այն համարժեք է գրեթե 120 մլն դոլարի։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,7 մլրդ դրամով կամ 5,5 մլն դոլարով։
Թվում է, թե ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։ Ներդրումների զուտ հոսքերը իսկապես ավելացել են։ Սակայն դա ամենեւին էլ գործող կառավարության շնորհքը չէ։ Ընդհակառակը, պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ իշխանափոխությանը հաջորդած շրջանում Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կտրուկ կրճատվել են։ Ընդ որում, ինչպես այս տարեսկզբի, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 40,3 մլրդ դրամ։ Հաջորդ երկու եռամսյակում դրանք եղել են ընդամենը 19,5 մլրդ դրամի չափով։
Դժվար չէ համադրել այս ցուցանիշները եւ պատկերացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ իրականացված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը զգալիորեն կրճատվել են։ Վեց ամսում ծավալները կրկնակի քիչ են եղել տարեսկզբի առաջին երեք ամիսների համեմատ։ Ահա սա է ներդրումների հետ կապված իրական պատկերը։
Ի դեպ, երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ներդրումները պակաս են եղել նաեւ նախորդ տարվանից. 2017թ. նույն ժամանակահատվածում դրանք կրկնակի շատ էին։
Այսպիսի տխուր վիճակագրության պայմաններում հպարտանալ ներդրումների ավելացմամբ, տեղին չէ։ Այն աճը, որն արձանագրել է վիճակագրական ծառայությունը ինը ամիսներին, բացառապես տարեսկզբի ներդրումային ակտիվության հետեւանք է։ Դրանում այս կառավարությունը բնականաբար որեւէ մասնակցություն չունի։
Ընդհակառակը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային բում ապահովելու փոխարեն չեն պահպանվել նույնիսկ նախորդ շրջանի ձեռքբերումները։
Դատելով վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից՝ այս տարվա ինը ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 387 մլն դոլար։ Միայն առաջին եռամսյակում տնտեսության մեջ կատարվել է ավելի քան 185 մլն դոլարի ներարկում։
Նախորդ տարվա համեմատ ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 85 մլն դոլարով։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում իշխանափոխությանը հաջորդած շրջանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ուղղակի ներդրումները 77 մլն դոլարով պակասել են։
Եվ սա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե կառավարությունն իր գործողություններով որքանով է «նպաստել» ներդրումների խթանմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: