Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում գրիպի համաճարակ չկա, եղածը սեզոնային գրիպ է, որը նորմայի շրջանակներում է: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում շրջանառվում են գրիպի A, B տեսակները: Նշենք, որ «խոզի գրիպ» կոչվածը՝ H1N1-ը, գրիպի A տեսակի մեջ է մտնում, և այս ախտանիշով հիվանդներ, Ասոյանի հավաստմամբ, շատ քիչ են եղել:
«Սուր շնչառական հիվանդությունների աճ ունենք, ինչը պայմանավորված էր տոնական օրերին շփումներով. շատերը գրիպով գնում էին հյուր՝ շատ «հարգելով» դիմացինին: Կա կարծիք, որ եթե ձյուն է գալիս, վիրուսները քչանում են: Անկեղծ ասած՝ գիտական որևէ ապացույց չունի այս կարծիքը, սակայն, այո, գոյություն ունի վիճակագրություն, որը փաստում է դա: Նշենք նաև, որ վերջին 3-4 օրերին սուր շնչառական վարակով` հիվանդանոցներ դիմողների թիվը նվազել է»,- ասաց Ասոյանը:
Նա նշեց նաև, որ, դպրոցներում իրականացված մոնիթորինգի տվյալներով, դպրոցներում բացակայությունների թիվն այնքան շատ չէ, որպեսզի դասերը հետաձգվեն:
Նշվում էր, որ սուր շնչառական հիվանդությամբ հոսպիտալացվածների գերակշիռ մասը 0-4 տարեկան երեխաներն են, ինչը, ըստ մասնագետի, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծահասակները գրիպի դեպքում չեն դիմում բժշկի: «Իրականում մեծահասակները գրիպի դեպքում գրեթե չեն դիմում բժշկի ու ավելի շատ տնային բուժմամբ են զբաղվում: Բացի այդ՝ մեծահասակները գրիպն այնքան ծանր չեն տանում, որքան երեխաները, դրա համար էլ ընտանիքում բոլորի ուշադրության կենտրոնում այս առումով երեխաներն են»,- ասաց Ասոյանը:
Yerkir.am-ի հարցին, թե սուր շնչառական հիվանդություններով շա՞տ են վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երեխաները, և կա՞ն արդյոք ծանր հիվանդներ, նա պատասխանեց, որ այսօրվա դրությամբ չկան այնպիսի դեպքեր, որ ասեն՝ կյանքին վտանգ է սպառնում: «Այո, կան երեխաներ, որ վերակենդանացման բաժանմունքում են, սակայն ծանր դեպքեր չունենք: Այս տարի, բարեբախտաբար, ավելի թեթև է վիճակը, քանի որ նախորդ տարիներին լինում էին օրեր, երբ տեղ չէր լինում հիվանդանոցներում` երեխաներին հոսպիտալացնելու համար»,- նշեց Ասոյանը:
Դիտարկմանը, թե օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 20-ից հետո «գարուն է գալու», և ինչ ազդեցություն կարող է սա ունենալ սուր շնչառական հիվանդությունների համար, նա պատասխանեց, որ, համենայն դեպս, եղանակի տաքացումը ոչ մի բացասական հետևանք չի կարող ունենալ: «Անհրաժեշտ է միայն սենյակները հաճախ օդափոխել, մանավանդ` եթե գրիպով հիվանդ կա տարածքում: Բոլորս էլ գիտենք, որ ցուրտ եղանակին է գրիպի հարուցիչն իրեն լավ զգում ու բազմանում»,- ասաց Ասոյանը: