կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 20:23
Հասարակություն

Իրանում համաճարակ է, կան մահացածներ. որքանով է այն վտանգավոր Հայաստանի համար

Իրանում համաճարակ է, կան մահացածներ. որքանով է այն վտանգավոր Հայաստանի համար

Իրանում 31 մարդ վարակվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով: Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարությանը: Ըստ աղբյուրի` վարակվածներից 3-ը մահացել են, իսկ նրանցից մեկը հղի կին է եղել:

Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի խայթոցներով: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդության առաջին իսկ երեք օրերի ընթացքում` ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, թուլություն, հոդացավ, սրտխառնոց, փսխում:

Գաղտնիք չէ, որ, հատկապես վերջին տարիներին Հայաստան այցելող իրանցիների թիվն էականորեն ավելացել է: Թե որքանով է համաճարակը վտանգավոր Հայաստանի համար` Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` փոխանցումով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի հետ:

Պարոնյանը նշեց, որ Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը կարող է փոխանցվել միայն հիվանդ կենդանիների միջոցով, որոնց մոտ, ի դեպ, տենդի որևէ ախտանշան չի դրսևորվում: Ըստ մասնագետի` հիվանդությունը տարածվում է տզերի միջոցով, որոնք խոշոր եղջերավոր կենդանիների և կրծողների մաշկի վրա են լինում: «Այսինքն` տիզը մոծակի պես չի կարող թռչել ու գալ Հայաստան: Ավելին` այն, բացի կենդանի օրգանիզմից, այլ կերպ չի կարող թափանցել Հայաստան, այսինքն` ավտոբուսի կամ ավտոմեքենաների ինչ-որ մասերին այն չի կպչում, բայց փոխարենը կարող է ոչխարի բրդի մեջ մտնել և այդ կերպ այլ երկիր տեղափոխվել: Մենք զրուցել ենք անասնաբուժական ծառայությունների հետ ու պարզել` ավելի շատ Հայաստանից են Իրան կենդանիներ տանում, քան այնտեղից են բերում»,- ասաց նա:

Ուշագրավ է, որ Հայաստանում Կոնգո-Ղրիմ տենդի դեպք է գրանցվել 1974-ին, այն հայտնաբերվել էր երիտասարդ մի կենդանաբանի մոտ, հիվանդությունը հայտնաբերել էին Ռուսաստանում, իսկ երիտասարդը կարճ ժամանակ անց մահացել էր:

Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց նաև` քանի որ հիվանդությունն առկա է  տարածաշրջանում, իրենք պարբերաբար հետազոտություններ են իրականացնում: «Հնարավոր է, որ վիրուսը շրջանառվի մեզ մոտ, քանի որ այն տզերի միջոցով փոխանցվում է նաև նրանց սերունդներին: Այսինքն` անգամ եթե կենդանիների մեջ չլինի վիրուսը, տզերի մեջ կարող է շարունակվել, և հիվանդ միջատները «հասնեն» մեր օրերը: Մենք հակահամաճարակային ջոկատներ ունենք, որոնք հավաքում են Հայաստանում գոյություն ունեցող տզերին ու հետազոտում»,- ասաց նա:

Հարցին, թե վարակակիր մարդը որքանո՞վ է վտանգավոր, այսինքն` եթե վարակակիր մեկը հատի Հայաստանի սահմանը, նա իրենից կարո՞ղ է վտանգ ներկայացնել, Պարոնյանը պատասխանեց, թե նա վտանգավոր է միայն այն դեպքում, եթե նրա արյան հետ շփում լինի: Այսինքն, ըստ մասնագետի, միայն բուժհիմնարկում է հնարավոր վարակի փոխանցում: «Մենք 2014-ին հաստատված մեթոդական ուղեցույց ունենք, որում մանրամասն նկարագրված է տենդը, և բոլոր բժիշկները գիտեն, որ առաջին հերթին հենց իրենք պետք է զգոն լինեն: Բացի այդ` երբ որևէ անհայտ ծագման տենդային հիվանդության դեպք է նշմարվում, բոլոր հիվանդները հետազոտվում են մեր ռեֆերենս լաբորատոր կենտրոնում»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք համագործակցում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, քանի որ, ինչպես արդեն նշվեց, վարակը հնարավոր է փոխանցվի կենդանիների միջոցով, Պարոնյանը պատասխանեց, թե` այո, իրենք աշխատում են ՍԱՊԾ-ի հետ: «Պայմանավորվածություն էլ ունենք, որ նրանց պետք է տրամադրենք ախտորոշիչ հավաքածուներ, որպեսզի, այլ հետազոտություններին զուգահեռ, Կոնգո տենդի նկատմամբ հետազոտություն իրականացնեն: Այսինքն` ՀՀ քաղաքացիներն անհանգստանալու որևէ առիթ չունեն, քանի որ, անկախ նրանից, Իրանում համաճարակ կամ բռնկում կլինի, թե` ոչ, մենք վերահսկում ենք իրավիճակը»,- ասաց նա:

Պարոնյանը տեղեկացրեց նաև, որ Իրանում Ղրիմ-Կոնգո տենդը հայտնաբերված 31 մարդիկ էլ Պակիստանի տարածքում են բնակվել, որտեղ հիմնականում քոչվորներ են, ովքեր կենդանիներ են տանում-բերում մի վայրից մյուսը: Այդ շրջանում, մասնագետի հավաստմամբ, որևէ բան չի ստուգվում, և կենդանիների մորթն էլ համապատասխան պայմաններում չի արվում, ուստի հնարավոր է, որ տենդի բռնկում լինի: «Անցյալ տարի Ղրիմ-Կոնգո հեմոռոգիկ տենդի վարակի դեպքեր գրանցվեցին Թուրքիայում, իսկ մի քանի տարի առաջ` Վրաստանում: Տզերի տեսակները, որոնք կարող են վարակը փոխանցել, կան նաև Հայաստանում, դրա համար էլ մենք անընդհատ հետազոտություններ ենք իրականացնում` և՛ բուժաշխատողների շրջանում, և՛ վայրի բնության մեջ»,- ասաց Պարոնյանը:

Ի դեպ, Իրանում գրանցված համաճարակի մասին լուրերն օրեր առաջ էին տարածվել, և դեռ հիվանդացության կամ մահացության նոր թվեր չկան: