Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ օրինագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց բուռն քննարկման համար, կարծիք հայտնելով, որ եթե նախագիծը չի առաջացնում պատգամավորների շրջանում բուռն քննարկում, կարծիքների բախում, ուրեմն քաղաքականությունը ոչ մի բան չի փոխում: «Քաղաքականությունը նման է արվեստի գործին, եթե չի առաջացնում կարծիքներ ու քննարկում, ուրեմն այդ գործը տապալված է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` այս օրերին ԱԺ-ն վայելեց ժողովրդավարության գինն ու արժեքը` ի դեմս այս նախագծի քննարկման: Միաժամանակ նախարարը կարծիք հայտնեց, որ այլախոհությունը այն չէ, որ մշտապես դեմ արտահայտվես իշխանության բերած նախագծերին, այլ դա նաև լուծումներին ականջալուր լինելն է: Նա օրինակ բերեց Փաշինյան-Փոստանջյանը բանավեճը, երբ Փաշինյանի ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը տեղից վրդովված հակադարձում էր Փաշինյանին: Վիգեն Սարգսյանի խոսքով` մեկ ընդդիմադիր մյուս ընդդիմադիրին էր ընդդիմանում խախտելով կանոնակարգ օրենքը, ինչը դեռևս այլախոհություն չէ: «Մեր մոտ բանակում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ուրիշները փորձում են ներկայացնել, իհարկե կան խնդիրներ, բայց քայլ առ քայլ պետք է դրանք լուծելով առաջ գնանք:Խոսում եք ապրիլյան պատերազմի զոհերի մասին, խնդրում եմ խոսեք հերոսների մասին, ոչ թե զոհերի, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է դեպի բանակում չծառայելու ցանկության տարածում հասարակության մեջ, դա է ճանապարհը արժեզրկելու զինվորների արածը: Նախարարի խոսքով բանակի կոռուպցիոն խնդիրները և զինծառայողների սոցիալական խնդիրները ոչ թե ընդդիմությունն է բացահայտել, այլ հենց իշխանությունը: «Լևոն Զուրաբյանի կրքոտ ելույթի մասին եմ ուզում խոսել. Հնարավորությու՞ն թե՞ պարտադրանք, տարօրինակ հակադրություն է: Երբ ձեզ օդանավում պարտադրում են ամրացնել ամրագոտին, ձեզ հնարավորություն են տալիս փրկվելու, եթե դեպք պատահի: Պարտադրանքը ու հնարավորությունը միշտ չէ որ պետք է հակադրել միամյանց: Այս նախագիծը հնարավորություն է տալիս բոլորիս արտահայտել մեր վերաբերմունքը մեր զինված ուժերի նկատմամբ, ոչ մի սխալ բան ու հակասոթյուն սրա մեջ չկա: Սա վերաբերմունք է, որը արտահայտվում է օրենսդրությամբ` արտահայտելով մեր հասարակության վերաբերմունքը զինված ուժերի հանդեպ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նախարարը շեշտեց, որ միայն մեկ պատգամավորի ելույթին չի անդրադառնա, դա Զարուհի Փոստանջյանի ելույթն է: «Չեմ անդրադառնա նրա ելույթին, որովհետև իմ հայերենը չի ներում շիտակ լինել խոսքիս մեջ` առանց հայհոյանք օգտագործելու, իսկ դաստիարակությունս թույլ չի տա անել երկրորդը: Եվ բանակային քաղաքական սելֆիների պետք է վերացնել: Վտանգավոր է այն քաղաքական գործիչը, ով սելֆի է անում այս ամբիոնին, քան այն շոու բիզնեսի ներկայացուցիչը, ով սելֆի է անում խրամատում»,- ասաց նախարարը: