կարևոր
4048 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 17:33
Քաղաքական

Մեղադրյալներից 3-ն էլ՝ լինելով ՀՅԴ անդամ, քաջ գիտակցում են, որ այս հանցախմբի դեմ պայքարի դաշտերից մեկը հենց դատարանի դահլիճն է. Բագրատ Եսայան

Սա քաղաքական գործ է և լուծումը պետք է լինի իրավական հանդերձանքով, բայց՝ քաղաքական։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի դատական գործով նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանը։

«Վստահեցնում եմ ձեզ, որ էստեղ ներկա մեղադրյալներից 3-ն էլ՝ լինելով ՀՅԴ անդամ, քաջ գիտակցում են, որ պայքարը այս հանցախմբի դեմ,  կազմակերպված հանցավոր խմբավորման դեմ պայքարի դաշտերից մեկը հենց դատարանի դահլիճն է։ Վստահեցնում եմ ձեզ,որ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա քաղաքական պայքարի բաղկացուցիչ մի մաս է, և որևէ մեկի մտքով չանցնի, որ  մեղադրյալներից մեկն ու մեկս փորձ ենք անելու կամ խուսաբել, կամ՝ որևէ ձևով իր ներկայությունը չբերել էս պայքարին։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք այս հանցախմբի, գոնե, էս մասով  դատական գործերն ամբողջությամբ մերկացնելու և հասարակությանը ցույց տալու համար, դրանից հետո, թե դատավճիռն ինչպիսին կլինի, վստահեցնում եմ ձեզ, ավելի քան 30 տարիների ընթացքում բազմաթիվ սերունդներ կան , ներկաներ կան, որ քաղաքական այլ գործերով՝ այլ իշխանության օրոք, հետապնդվել են, նստել են բանտ, պայքարել, դուրս են եկել, մենք բացառություն չենք կազմելու Հայաստանյան վերջին 32 տարվա, իսկ ընդհանրապես՝ 132 տարվա ՀՅԴ անդամների գործունեության տրամաբանությունից բացառություն չենք լինելու»,- ասաց նա։ 

«Զուտ մարդկային առումով, դուք նաև բարոյական պարտականություն ունեք ահսկանալու, որ էս մեծ խաղի մեջ, որ մի շատ փոքր էպիզոդ է կազմում էս դատական նիստը», - նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։