կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 15:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բիլյանը ոստիկանի սպանության հետ կապ չունի, այ ցավդ տանեմ․ «Սասնա ծռերի» գործով վկան՝ դատավորին

Արմեն Բիլյանը ոստիկանի սպանության հետ կապ չունի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով վկա Գառնիկ Հովակիմյանը դատավարության ժամանակ։

Գործի անջատված մասով ամբաստանյալների հարցաքննության ժամանակ նա պատասխանեց Արմեն Բիլյանի հարցին՝ արդյո՞ք ինքը կապ ունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության հետ։

«Չունի, էդ սաղս էլ գիտենք, այ ցավդ տանեմ»,-ասաց վկան՝ դիմելով դատավորին։

«Ցավս մի տար»,-արձագանքեց դատավոր Մակյանը։

Գառնիկ Հովակիմյանն իրեն ուղղված հարցերին հիմնականում պատասխանում էր, որ՝ չի հիշում։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը զարմացավ՝ վկան հարցաքննվելիս միայն հիշում և պատասխանում է այն հարցերին, որոնք վերաբերում են Արմեն Բիլյանին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր հարցերին պատասխանում եք՝ չեք հիշում, հենց լսում եք Բիլյանի անունը ասում եք, որ նա կապ չունի»,-ասաց դատախազը։

Փաստաբան Տիգրան Եգորյանն առարկեց՝ մարդը չի կարող պատասխանել, թե իր գլխում ինչ է կատարվում և ինչպես է որոշ դրվագներ հիշում, որոշները՝ ոչ։

Հարցաքննվեց նաև վկա Գևորգ Իրիցյանը։

Նա ասաց, որ ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչում․ «Ո՛չ Սմբոյին եմ ճանաչում, ո՛չ Բիլյանին եմ ճանաչում, ո՛չ էլ իրեն»։

Դատավորը զարմացավ․ «Որ չեք ճանաչում, ի՞նչ գիտեք, որ ինքը Սմբոն է»։

Դահլիճում գտնվողները սկսեցին ծիծաղել։

Դատավոր Մեսրոպ Մակյանն սանկցիա կիրառեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի նկատմամբ և նրան հինգ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից:

Դատարանը պարտավոր չէ Բիլյանի վարքագիծը տասնյակ նիստեր «յոլա» տանել՝ հայտարարեց դատավորը։

Բիլյանի պաշտպանները միջնորդեցին նրան ևս մեկ հնարավորություն տալ վերադառնալու դահլիճ՝ նշելով, որ նա կդրսևորի պատշաճ վարքագիծ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, ԲԻլյանը վերադարձավ դահլիճ։

Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար։ Բիլյանը մեղադրանքը չի ընդունում։

Մանրամասն՝ տեսանյութում․