Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս լույս է տեսել երկլեզու (հայերեն և անգլերեն)` «Նրանք նկարում էին պատերազմը» վերնագրով գիրք, որը ներկայացնում է Արցախյան պատերազմը վավերագրողներին։ Սա առաջին ընդգրկուն և ամբողջական աշխատանքն է, որը ներկայացնում է նրանց, ովքեր տեսախցիկի հակառակ կողմում են աշխատել, ուստի սա իր տեսակի մեջ եզակի գիրք է: Գրքում նաև զետեղվել է վավերագրողների տեսանյութերից հատվածներ ներկայացնող երկու խտասկավառակ: Գիրքը կազմել են Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը։ 34 վավերագրողների հետ արված հարցազրույցները վերջին 4 տարիներին պարբերաբար հրատարակվել են «Կինոաշխարհ» (kinoashkharh.am) կայքի «Պատերազմը վավերագրողները» շարքում: Yerkir.am-ի հետ զրույցում գիրքը կազմողները պատմել են գրքի ստեղծման, դրա անհրաժեշտության և բովանդակության «մեսիջի» մասին:
Ռուզան Բագրատունյան
Իրականում պատերազմը ծանր բան է և խոսել դրա մասին, հասկանալի է, դժվար է: Մարդիկ ոչ թե չեն ուզում խոսել այդ մասին, այլ, ըստ իս, նրանք առաջին հերթին հիշում են իրենց զոհված ընկերներին ու մտերիմներին։ Բայց, գիտե՞ք, խոսել կամ չխոսելն էլ է անհատական. մեկը պատմում է, անկեղծանում, մյուսից «աքցանով» ես խոսք քաշում, այնպես որ` պատերազմը վավերագրողների հետ զրույցի բռնվելն իրականում կախված էր մարդու ներքին վիճակից ու խառնվածքից։ Հարցազրույցների սկիզբը միշտ մի փոքր ավելի լարված էր լինում, բայց հետո, երբ խոսքի հետ մեկիկ-մեկիկ արթնանում էին հուշերը, այլևս չէիր տեսնում այդ լարվածությունը։ Անխտիր բոլոր տղաները համեստ են, յուրահատուկ համեստ, և տեսնել էր պետք` ինչ ակնածանքով են խոսում մեկը մյուսի մասին։
Ցավոք, արդեն 25 տարի է անցել պատերազմից և իրականում չկա այնպիսի մի գործ, որը կդառնար այն աշխատությունը, որն ընդունելի և հասկանալի կլիներ «ներսի և դրսի» համար։ Ամեն դեպքում` դաշտը բաց է, եթե մի կոթողային բան լիներ, կարծում եմ` բոլորս տեղյակ կլինեինք, մանավանդ` սպասում ենք դրան։ Իհարկե, եղել են տարբեր ստեղծագործություններ (գրքեր, ֆիլմեր և այլն), բայց դրանք համակարգված բնույթ չեն կրում։ Հաճախ ասում են, թե հնարավորությունն ու ժամանակը չեն ներում: Այո, երկուսն էլ անհրաժեշտ պայմաններ են, բայց նման աշխատանքների համար առավել կարևոր է կամքը, ցանկությունն ու նվիրումը: Եվ այս երեքի առկայության դեպքում, հավատացնում եմ, արդեն չես մտածում ո՛չ ֆինանսի, ո՛չ էլ ժամանակի մասին, այլ միայն օր առաջ պատվով ու որակով սկսածդ գործն ավարտին հասցնելու մասին:
Անընդհատ պատերազմական իրավիճակում գտնվող ժողովրդի ու պետության համար վավերագրությունն օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Ցավոք, այսօր էլ վավերագրության կարիքը մեծ է։ Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ներկայացնելու այն ամենը, ինչ կատարվում է սահմանին։ Կարծում եմ, որ բուհերում վաղուց հատուկ մասնագիտություններ պետք է բացվեին` պատերազմը լուսաբանող կամ նկարող օպերատորների, լրագրողների, ռեժիսորների և մնացած այն բոլոր մասնագիտությունների գծով, որոնք նույնիսկ մի փոքր աղերս ունեն պատերազմի հետ։ Բացի այդ` 1991-ից սկսած, ամբողջ պատերազմական նյութը ուսումնասիրման և գիտական գնահատականի կարիք ունի:
«Պատերազմը վավերագրողները» գիրքն արդեն ձեռք բերելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչն ուրախալի փաստ է, քանի որ մեր միջոցները բավարար չեն զինվորական տեղամասերում և համապատասխան ստորաբաժանումներում այն տարածելու համար։ Կփորձենք գիրքը ներկայացնել նաև սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններին:
Անահիտ Հարությունյան
Չափազանց դժվար էր ընտրության սկզբունքը սահմանելը: Պետք է որոշեինք` ընդգրկե՞լ լրագրողներին, թե՞ ոչ: Սակայն օպերատորները պնդում էին, որ այս գործում օպերատորն ու լրագրողն անբաժան են: Մեկ այլ հարց էլ կար` ընդգրկե՞լ այն ռեժիսորներին, ովքեր պատերազմի մասին վավերագրական կինոնկարներ են նկարահանել, սակայն ճակատում չեն եղել, կամ էլ` ինչպես խոսել այն օպերատորների մասին, ովքեր զոհվել են /Սերգեյ Համբարձումյան, Ալեքսանդր Գասպարյան, Արամ Զախարյան, Արմեն Սարգսյան/: Բայց, ի վերջո, որոշեցինք, որ անհրաժեշտ է պատերազմը վավերագրող լրագրողների մասին առանձին գիրք հրատարակել` ընդգրկելով ինչպես տպագիր, այնպես էլ հեռուստատեսության լրագրողներին: Չնայած որոշ բացառություններ էլ ենք արել, մանավանդ` նրանց դեպքում, ովքեր եղել են նաև վավերագրական ֆիլմերի սցենարիստներ:
Նորագույն շրջանի պատերազմները մղվում են 2 ճակատով՝ բուն ռազմադաշտի և քարոզչության։ Պատերազմի ելքը, անշուշտ, վճռվում է ռազմի դաշտում, սակայն պակաս կարևոր չէ քարոզչական կռիվը, քանի որ նաև դա է պայմանավորում հաղթանակի կամ պարտության ամրագրումը բանակցությունների սեղանի շուրջ: Եվ հենց այստեղ էապես շահում է այն կողմը, որը հաղթանակ է տարել քարոզչական ճակատում, ուստի պատահական չէ, որ պատերազմների ժամանակ առաջնային է դառնում փաստավավերագրական կինոն: Այսինքն` ամենևին էլ զարմանալի չէ, որ տեսախցիկն անվանում են հատուկ նշանակության զենք, իսկ պատերազմը նկարող օպերատորներին՝ զինվոր երկու հրացանով:
Եթե այլ երկրներում հասարակությունը ճանաչում է իր վավերագրողներին, արժանին մատուցում, պահպանում, ուսումնասիրում ու գնահատում նրանց ստեղծածը, ապա նույնը չենք կարող ասել մեր դեպքում: Տեսագրությունները, որոնք արել են վավերագրողները, չափազանց թանկ գին ունեն և դրամական որևէ չափման չեն ենթարկվում, մանավանդ` երբ հենց իրենց երկրի պատերազմն են նկարում: Պատերազմը վավերագրողների ճանաչված լինելը չէ, որ մտահոգում է, այլ պահպանելը այն, ինչ մնացել է նրանց նկարահանումներից: Խնդիրն այն է, որ տեսանյութերը VHS /Video home system/ տեսախցիկներով են իրականացվել, իսկ դրանցով նկարահանված նյութն անհամեմատ փխրուն է, ավելի արագ է փչանում ու շատ դժվար էլ վերականգնվում է: Դրա համար էլ հիմա ամենաառաջնահերթ խնդիրը եղած նկարահանումները թվայնացնելն ու տարբեր կրիչներով պահպանելն է, ինչը հատուկ կազմակերպում և ֆինանսավորում է պահանջում:
***
Ի դեպ, «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 29-ին` ժամը 12:00-14:00-ն, «Լոֆթ»-ում:
Լուսանկարները` Դավիթ Ներսիսյանի