Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զարթոնք» թերթի 80-ամյակի միջոցառումների շրջանակներում սեպտեմբերին Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել Արցախյան ազատամարտը 1991-1994 թվականներին ռազմաճակատի առաջին գծում նկարած օպերատորներին նվիրված «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա են եղել լիբանանահայ մտավորականությունը՝ Վերապատվելի դոկտ. Պոլ Հարդոսթյանը, ԹՄՄ Հիմնադիրների Մարմնի ատենապետ ընկ. Հակոբ Քասարջյանը, ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանը, Լիբանանում ՀՀ հյուպատոս Աշոտ Վարդանյանը, Լիբանանի հայկական թերթերի խմբագիրները, հարգարժան հյուրեր և «Զարթոնքի» բարեկամները:
«Աշխատանքի բերումով վավերագրողները ծանոթացել, ապրել ու աշխատել են Արցախյան պատերազմի բազմաթիվ հրամանատարների և հերոսների հետ, ինչպիսիք են Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը, Սպիտակ Արջը, Ռեմ Մարդանյանը և շատ ուրիշներ: Գրքում շարադրված են նաև նրանց պատմությունները և հերոսությունները: Այս առումով գիրքը բավական հարուստ է առաջին ականատեսի վկայություններով, ինչը հարստացնում է Արցախի մասին արդեն իսկ գոյություն ունեցող տարեգրությունը և նյութերը»,- ասել է «Ռադիո Սևանի» հայկական լուրերի պատասխանատու, լրագրող Շիրազ Ջերեջյանը:
Ըտս նրա` Արցախի ազատագրական պայքարի նկարահանումների տարեգրությունն առաջին անգամ ներկայացնելու կողքին գրքի արժեքն իր պարունակած կենսագրական, մասնագիտական, պատմական և ռազմահայրենասիրական տեղեկություններն ու բովանդակությունն են.«Գիրքը միաժամանակ հայ զինվորի քաջության ապացույցն է: Այն պատմում է, թե ինչպես, նահանջի տեղ ունենալով հանդերձ, մարտիկների մի խումբ որոշել է մինչև վերջ մարտնչել, երևույթ, որ նաև կրկնվեց անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում: Ոչ միայն զինվորի, այլև այդ հողի վրա ապրող արցախցու հանդգնությունն է ներկայացված այստեղ: Ամենից շատ, սակայն, գիրքը հարցազրույցի մասնակիցների միջոցով խոսում է հայի գոյատևելու, ապրելու, արարելու և զարգանալու վճռականության մասին»:
Գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթներից հաջորդել է համերգային ծրագիրը, ապա տեղի է ունեցել նաև գրքի` գինով օծելու ավանդական արարողությունը՝ գինեձոնը։
Գրքի կազմողները Բեյրությում այցելել են հայկական կրթօջախներ, այդ թվում՝ Հայկազյան համալսարան, գրադարններ, Անթիլիաս, Զմմառ և այլ վայրեր։ Գրքի որոշակի խմբաքանակ են նվիրաբերել հայկական կրթօջախներում գործող գրադարաններին, հայկական թերթերի խմբագրություններին և անհատների։
«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուի կազմողները՝ Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը, հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ և գրքի մեկ օրինակ հանձնել դեսպանությանը։
«Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը Լիբանանում կազմակերպելու նախաձենությունը «Ռադիո Սևանի» գործադիր տնօրեն Միքայել Վայեջյանին էր։ Ի դեպ, տեղի հայալեզու թերթերն անդրադարձել են գրքի շնորհանդեսին: