Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական BBC հեռուստաալիքի պատրաստած նոր ֆիլմը պատմում է արցախյան ռազմաճակատի հայ զինվորների ու նրանց մայրերի մասին:
«Երեսուն տարվա մեջ սա արդեն երրորդ պատերազմն է. առաջինը երկու կողմերից միասին խլեց 30 հազար կյանք, շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվեց, 2016-ի պատերազմում հարյուրավոր զոհեր եղան, իսկ այժմ արդեն մեկ այլ սերունդ է շտապում ռազմաճակատ»,- այսպես է սկսվում պատմությունը:
Ապաստարաններում անվտանգ անկյուն գտած հայ մայրերն ու կանայք պատմում են կորստի ու սպասման պատմություններ: «Սերնդից սերունդ անցնում է այս կռիվը: Իմ ամուսինն է զոհվել պատերազմի ժամանակ, հիմա իր (մատնանշում է մեկ այլ կնոջ) որդին է կանգնած սահմանին: Կարծես, այս պատերազմն անվերջ լինի»,- ասում է կանանցից մեկը: Մեկ ուրիշը հիշում է եղբոր դաժան սպանությունը 92-ին՝ պատերազմի ժամանակ, երրորդը հայտնում է, որ սկեսրայրն է զոհվել, չորրորդ կինն էլ, արցունքն աչքերին, պատմում իր կորստի մասին՝ 2016-ի քառօրյա պատերազմը տարել է աղջկա ամուսնուն՝ թողնելով երկու անչափահաս երեխաներին առանց հայրական խնամքի: Մեկ այլ մայր էլ պատմում է, որ որդուց տեղեկություն չունի, նրան փնտրել են հիվանդանոցներում, վիրավորների ցուցակներում, բայց՝ ապարդյուն:
Իսկ ռազմաճակատում զինվորներից մեկը ներկայացնում է, թե ինչպես արագ նկատեցին հակառակորդի տեղաշարժն ու հակահարված տվեցին՝ թույլ չտալով, որ թշնամական զորքերը ճեղքեն պաշտպանությունն ու շրջափակման մեջ վերցնեն իրենց:
Հաջորդիվ 19-ամյա զինվորի թաղման ողբերգական տեսարանն է: Արարողությանը մասնակցող երիտասարդ տղամարդն ասում է. «Մենք հանձնվողը չենք, երեք պետության դեմ կռիվ ենք տալիս, բայց մինչև վերջին մարդն էլ գնալու ենք ու կռիվ տանք»:
«Էրդողանի ու Ալիևի երեխաները կռվի դաշտո՞ւմ են, ո՛չ: Մենք հասարակ ժողովուրդ ենք, միայն մեր որդիներն են այնտեղ, ինչո՞ւ»,- եզրափակում է ապաստարանի կանանցից մեկը: