Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է խորհրդակցություն՝ նվիրված Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագրի քննարկմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով գլխավոր տնտեսագետ Բեկզոդ Շամսիևը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Մենք չունենք գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազա, որը մեզ հնարավորություն կտա մշակել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և Համաշխարհային բանկին՝ գյուղատնտեսության բոլոր ցուցանիշներն ու տվյալները թվայնացնելու ծրագրի մասին մեր առաջարկն ընդունելու և աջակցելու համար»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ճապոնիայի դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը հիմնականում միտված է սոցիալական և տնտեսական զարգացման ուղղություններին, և այս ծրագրի մեկնարկը շատ կարևոր քայլ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Համաշխարհային բանկի միջնորդությամբ տրամադրվել է 1.8 մլն դոլարի դրամաշնորհ, որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում մոնիթորինգի և տվյալների հավաքագրումն է:
Աշխարհագրական թվայնացման նշված համակարգով իրականացվում է տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում (հողերի կարգավիճակ, մշակովի և անմշակ հողտեսքեր, ջրային ռեսուրսներ, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ և այլն):
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հուլիս ամսին՝ հանրապետության մեկ մարզում, պիլոտային ձևաչափով: Ծրագրի աշխատանքներում կներգրավվեն հիմնականում հայ մասնագետները, ովքեր կանցնեն համապատասխան վերապատրաստում՝ ծրագրի հետագա սպասարկումը ևս իրականացնելու համար: