կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 19:42
Հասարակություն

Լեհական վոյեվոդության դրամաշնորհով կնպաստեն մարզային հկ-ների զարգացմանը

Լեհական վոյեվոդության դրամաշնորհով կնպաստեն մարզային հկ-ների զարգացմանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է  Լեհաստանի Պոդլասկիե վոյեվոդության պատվիրակությանը՝  Պոդլասկիե վոյեվոդության փոխմարշալ Մաչիեյ Ժիվնոյի գլխավորությամբ: Հանդիպմանը  մասնակցել է   ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: 

Պատվիրակությունը Հայաստանում է՝ մասնակցելու  «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրմանը: Ծրագիրն իրականացվում է  Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Դրամաշնորհ ստացած 46 կազմակերպությունների գերակշիռ մասը գործում է մարզերում:

« Տարածքային համաչափ զարգացման ոլորտում մեր նախարարությունը  լեհական գործընկերների հետ  ակտիվ համագործակցության մեծ փորձ ունի: Մենք կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցային կապերն անմիջապես քաղաքների միջև  և հույս ունենք, որ այս այցելությունը համագործակցության նոր նախաձեռնություններ կստեղծի»,-ողջունելով հյուրերին՝ նշել է  ՏԿԶ  փոխնախարարը: Արդեն իսկ միջմարզային և միջքաղաքային համագործակցություն կա  ՀՀ Շիրակի մարզի և Լեհաստանի  Վելիկապոլսկա, Կոտայքի մարզի և Պոզնանի վոյեվոդությունների միջև, Գորիսի և Էլբլոնգ , Սևանի  և Բրոդնիցա , Գյումրի և Բիալիստոկ քաղաքների միջև: Քննարկվել է Մասիս քաղաքի համար քույր քաղաքի ընտրության հարցը: Վ.Տերտերյանը կարևորել է նաև ՀԿ-ների  կարողությունների հզորացմանն ուղղված Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող  ծրագիրը:

 Պոդլասկիե վոյեվոդության փոխմարշալ Մաչիեյ Ժիվնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոսել  այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը  եղել է Շիրակի, Արարատի մարզերում, տեղում քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները:Նա վստահեցրել է, որ դրանց մի մասը կդառնան  մշակված համագործակցության փաթեթներ: 

 Պատվիրակության անդամների խնդրանքով Վ. Տերտերյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին՝  որպես  համագործակցության նոր կարևոր ուղղություններ  առանձնացնելով կոշտ կենցաղային թափոնների վերամշակման, շինարարության,  արևային էլեկտրակայանների արտադրության  ոլորտները: Կարևոր է համարվել նաև Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ստեղծումը:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն