կարևոր
4690 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 18:20
Հասարակություն

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am

Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։ Հայտնի չէ, թե ում միջոցներով պետք է վերականգնվեն։

«Հետքը» գրում է, որ Նախարարությունը քողարկում է իր աշխատակիցների անփութությունը եղանակային անբարենպաստ պայմաններով, ջերմատներ կառուցող ընկերությունը՝ մեղադրում անտառտնտեսությանը։

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և ածխածնի կրճատմանը: Դրա շրջանակներում Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից։

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներով իրականացվում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Դրա իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ութամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։ Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 194 080 000 դրամ (շուրջ 5,5 մլն դոլար)։ Իրականացման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։

Ծրագրի նպատակն է նվազեցնել վառելափայտի պահանջարկը և ներդնել կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Ծրագրի թիրախային տարածքներն են՝ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև՝ անտառային կարևոր էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։

«Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիներ աճեցնելու նպատակով պետք է կառուցվեր 500 քմ մակերեսով 6 ջերմատուն։

Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2022-2023թթ․ հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։ Սակայն դրանցից 4-ն այդպես էլ չի ծառայել իր նպատակին և չի գործել։ Տաշիրում կառուցված 2 ջերմոցները երկու անգամ քանդվել են ուժգին քամիներից, վերջին անգամ՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին։ Սիսիանում կառուցված ջերմոցը նույնպես քանդվել է այս ձմռանը՝ ձյան բեռնվածությանը չդիմակայելու պատճառով։ Գործում են միայն Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցները։

Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չեն գործել ջերմատները, հայտնել է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կառուցված ջերմատները փորձարկումից հետո հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կառավարմանը:

«2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը Սիսիանի տարածաշրջանում տեղացած առատ ձյան և քամու պատճառով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա և նույն թվականի դեկտեմբերի 28-ին ուժգին քամիների պատճառով «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա ջերմատներն ամբողջովին վնասվել և քանդվել են։ Դրանք շահագործման ենթակա չեն եղել, ինչպես նաև նպատակահարմար չի եղել դրանց վերակառուցումը»,- գրությամբ հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Ով է կառուցել ջերմոցները

Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Մրցույթին մասնակցել է 2 կազմակերպություն՝ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ն՝ 73 980 հազար դրամ գնային առաջարկով և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 78 980 հազար դրամ գնային առաջարկով (շուրջ 200 հազար դոլար)։

ՇՄՆ-ն մեզ հայտնել է, որ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը մերժվել է, քանի որ չի համապատասխանել գնման ընթացակարգի հրավերի պահանջներին, մասնավորապես` ներկայացված հայտում բացակայել է հայտի ապահովման փաստաթուղթը։

2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։

«ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 2-ին, հիմնադիրը և միանձնյա բաժնետերը Վարդան Ասլանյանն է։ Ըստ նրա՝ ջերմոցների քանդման պատճառը Տաշիրի դեպքում՝ բնության, իսկ Սիսիանի դեպքում՝ մարդկային գործոնն է եղել, ոչ թե ձյունը կամ կառուցված ջերմոցի անորակությունը։ Իրենց կառուցած ջերմոցներն ու դրանցում առկա սարքավորումները փորձարկել և ընդունել է հատուկ հանձնաժողովը՝ 8-10 հոգուց բաղկացած, և եթե որևէ բան անորակ կամ վատ կառուցած լինեին, ապա հանձնաժողովը պարզապես չէր ընդունի։

Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ըստ ՇՄՆ-ի, հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։

Կառավարության նշված որոշումը փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին է, որը պետք է նպաստեր գյուղատնտեսությունում տնտեսվա­րողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտե­սվա­րողներին ցուցաբերվել է պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխ­հատուցման միջոցով: Կառավարության նշված որոշման մեջ խոսվում է միայն գյուղատնտեսական բերքի՝ միրգ-բանջարեղենի մշակման, այլ ոչ թե բույսերի կամ տնկիների աճեցման ջերմատների մասին։

Այդուհանդերձ, Կառավարության որոշման հավելվածում հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչներում նշվում է, որ քամու դեմ դիմադրողականությունը պետք է լինի առնվազն 90 կմ/ժ (25 մ/վ), իսկ ձյան բեռնվածությունը՝ առնվազն 30 կգ/մ2։

Ինչու են քանդվել ջերմոցները Սիսիանում
2023թ․ դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով քանդվել են «Սիսիանի անտառտնտեսության» հաշվեկշռում եղած 2 ջերմատները։

Ջերմոցների քանդվելու պատճառը, ըստ ՇՄՆ-ի, միմիայն եղանակային պայմաններն են։ Սակայն կառուցող կազմակերպության հիմնադիրը մեղադրում է նաև Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցներին։

«Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է»,- ասում է «ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը։

Նրա խոսքով՝ Սիսիանի տարածաշրջանը 50-70 կգ-անոց ձյան բեռնվածության սանդղակում է։ Ջերմոցները կառուցված են եղել հատուկ նախագծով, եղել են տեխնիկական հագեցված հատուկ միջոցներ, որոնք պետք է տեղումների ճնշումները թուլացնեին։ Դրանք երկշերտ թաղանթապատ ջերմոցներ են, տեղադրված է հատուկ համակարգ, և երկու շերտի արանքում օդ է ներարկվում, այդ համակարգի միջոցով պոլիէթիլենն ավելի է ձգվում, ամրանում, և տեղումները վրայից արագ թափվում են։ Տեղադրված է եղել նաև երկնշանակության վառարան, որը կարող էր աշխատել գազով և դիզելով։ Այդ վառարանը տեղումների ժամանակ պետք է գործեր, որպեսզի ձյունը հալվեր և թափվեր պոլիէթիլենի վրայից։ Սիսիանի անտառտնտեսությունը պատճառաբանել է, թե տարածքը գազիֆիկացված չէ, դրա համար ջերմոցը չի գործում, սակայն Ասլանյանը պնդում է, որ եթե գազ չկար, վառարանը պետք է աշխատեր դիզելով։ «Ինչո՞ւ ոչ նա, ոչ էլ մյուսը չեն գործածվել։ Այդ իսկ պատճառով առաջացել է փլուզում»,- նկատում է կառուցող ընկերության հիմնադիրը։ Վառարանները գործի չդնելը, ըստ Ասլանյանի, անտառտնտեսության աշխատակազմի բացարձակ անփութության հետևանք է։

Ավելին, Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։

«Մենք կառուցել ենք 6 ջերմոց, նույնը եղել է Հրազդանում՝ Ծաղկաձորի կողքին, ինչո՞ւ Ծաղկաձորում չի փլուզվել, իսկ Սիսիանում փլուզվել է։ Որովհետև Հրազդանի տնտեսության ղեկավարությունն ու աշխատողները սրտացավ մոտեցում են դրսևորել, ձյուն է գալիս կամ տեղում է լինում, անմիջապես կատարում են համապատասխան աշխատանքներ։ Սիսիանի աշխատակազմը բացարձակ մատը մատին չի տվել, դրա վառ ապացույցն այն է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացրել։ Ամբողջ խողովակաշարը, պոմպակայանները տրաքել էին, որովհետև ջուրը մնացել էր մեջը մեր փորձարկման ժամանակվանից ի վեր։ Մենք վերականգնել ենք ջերմոցները, հիմա ինչո՞ւ չի գործում, որովհետև խողովակաշարը վնասված է, և ես ասել եմ՝ ինքներդ փոխեք, դրեք, որ աշխատի»,- բարկանում է Վարդան Ասլանյանը։

Ավելին, Վարդան Ասլանյանը հիշեցնում է, որ նույն ջերմոցից շուրջ 1 կմ հեռավորությամբ իրենք գյուղնախարարության մրցույթով հաղթած, Գյուղինստիտուտի համար նախատեսված նույնատիպ ջերմոց են կառուցել, որը նույն ձյան բեռնվածության պարագայում չի քանդվել, որովհետև համապատասխան միջոցառումները կատարվել են։

Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ահա նրա հետ մեր հեռախոսազրույցը․

-Պրն Համբարձումյան, կառուցապատողը անտառտնտեսության աշխատակիցների անփութությանն է վերագրում ջերմոցի քանդմանը փաստը։ Ասում է, որ չեն գործարկել վառարանները, և դրա պատճառով ձյունը չի հալվել պոլիէթիլենի վրայից։

-Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով ինչ է ձեզ ասել, կարող եք գալ, մեր ջերմոցները տեսնել, ջերմոցները սաղ աշխատում են, ջուրը ընտիր գալիս է, հոսանքը ընտիր կա։

-Հիմա է աշխատում, բայց ինչո՞ւ է քանդվել։

-Հիմնարկում գազ չկա, այդ տարածքում ընդհանրապես գազ չկա, նախ՝ իրան դրած է գազի վառարան, որ պիտի գազով վառվեր, որ փչեր ցելոֆանները։ Շատ ձյուն գալու հետևանքով ջերմոցը վնասվել է, որը որ կարգավորվել է։ Ո՞վ է ասում, որ քանդվել ա, փլվել է։

-Գազ չկար, բայց վառարանները կարող էին դիզելով գործել։

-Մենք ընդհանրապես չենք փորձել, ես չգիտեմ, որովհետև կառուցապատողը պտի միացներ, փորձարկեր, կարմիր կնոպկան սեղմեր, հանձներ մեզ։ Քանի որ նման բաներ չի եղել, մենք չգիտենք՝ կաշխատեր, թե չէր աշխատի, որովհետև գաղափար չունենք։ Բայց ինչը որ էդպես լեգենդեր են պատմում, որ ջերմոցը չկա, նման ինֆորմացիան սուտ է։

-Եթե ջերմոցների հանձնման-ընդունման գործընթաց է եղել, ուրեմն «Հայանտառը» դրանք ընդունել է․․․

-Ես չգիտեմ՝ ով է հանձնման-ընդունման ակտը ստորագրել կամ ընդունել են, չեն ընդունել, ես տեղյակ չեմ։ Ես ընդամենը տեղամասի տնօրեն եմ, ոչ էլ ջերմոցների էդ ժամանակ պատասխանատու եմ եղել, քանի որ ջերմոցներն էդ ժամանակ ավարտ չեն ունեցել, ինձ թղթով չեն հանձնել, ես ո՞վ եմ, որ ասեմ․․․

-Հիմա հանձնվե՞լ են թղթով, որ Դուք կառավարում եք և աշխատեցնում։

-Ջերմոցները չեն հանձնել, ոչ։

-Ուրեմն հիմա ինչո՞ւ եք կառավարում, եթե չեն հանձնել։

-Ո՞նց, բա սերմերը էդքան հավաքել են, հո չէի՞նք փչացնելու։

-Բայց ասում եք՝ չէին հանձնել, չեք կառավարել, հիմա ինչպե՞ս եք կառավարում, եթե չեն հանձնել։

-Ես չեմ կառավարում, կա ջերմոցի վարիչ, կգաք էդ հարցերն իրան կտաք։

-Դուք չե՞ք անտառտնտեսության ղեկավարը։

-Կապ չունի, ջերմոցի վարիչ կա․․․

Տիգրան Համբարձումյանն անջատեց հեռախոսը։

Ջերմոցները կառուցած «ՎԷՍ Գրուպ» ընկերության հիմնադիր Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։

Թե ինչու է բարի կամք դրսևորել, կամ արդյոք կազմակերպությունը հավելյալ միջոցցներ ուներ ջերմոցները կրկին նորոգելու այն պարագայում, երբ իրենք մեղավոր չէին, Վարդան Ասլանյանը պատասխանում է․ «Նվիրատվություն եմ արել։ Անիմաստ է դա քննարկելը»։

Տաշիրում ջերմոցները երկու անգամ են քանդվել

Տաշիրի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցների կրած վնասների հետևանքները վերացնելուց երկու ամիս անց՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին դրանք կրկին քանդվեցին։ Այդ օրն աննախադեպ քամիների հետեւանքով Տաշիրում պոկվել են տանիքներ, եղել են մի շարք այլ ավերվածություններ։

Վարդան Ասլանյանը հաստատում է, որ ջերմոցները կառուցված են վայրկյանում 25 մ/վ քամու ուժգնության դիմակայունությամբ։ Սակայն Տաշիրում այդ օրը քամու ուժգնությունը եղել է 37 մ/վ։ Առաջին անգամ քանդվելուց հետո ամրացրել էին և դարձրել մինչև 30 մ/վ դիմակայունության, սակայն 37 մ/վ չէին կանխատեսել։

Կառավարության նույն որոշման հավելվածում նշվում է, որ ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ՝ բետոնային ամրակցմամբ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության ղեկավար Ռուբեն Վելիցյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անտառային տարածքներում բետոնե հիմքեր իրականացնել չի թույլատրվում, սակայն, հաշվի առնելով Տաշիրում խիստ քամիները, ջեմատան կառուցման ժամանակ որոշվել է գոնե սյուներն ամրացնել բետոնով։ Ռուբեն Վելիցյանն, այդուհանդերձ, հաստատում է, որ քանդվելու պատճառը միմիայն աննախադեպ քամին է եղել։ Սակայն, եթե հարևանությամբ գտնվող պահակակետի տանիքը չպոկվեր, ջերմոցին վնաս չէր հասցվի։ Պահակակետի տանիքը պոկվել և պատռել է ջերմոցի պոլիէթիլենը։

«Ջերմոցների կարևոր տեխնիկան, այսինքն իրենցից բարձր արժեք ներկայացնող գույքը չի վնասվել, տեղափոխվել է պահեստ։ Վնասվել են երկաթե կոնստրուկցիաները և պոլիէթիլնային թաղանթը։ Վերականգնման ենթակա միայն դրանք են։ Նախատեսվում է տարեվերջին ավարտել վերականգնումը և հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսությանը»,-ասում է Ռուբեն Վելիցյանը։

Նա վստահեցնում է, որ թանկարժեք ու ջերմոցի համար հիմնական գույք հանդիսացող պարագաները չեն վնասվել, հետևաբար, վերականգնելը դժվար չի լինի։

Հանձնաժողով, որի եզրակացությունը հաշվի չի առնվել

Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք ջերմոցների քանդման փաստով եղել է քննություն, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ պարզելու քանդման պատճառները։ Պարզվում է՝ հանձնաժողովը ստեղծվել է միայն Տաշիրի դեպքի փաստով։ Սիսիանի ջերմոցների քանդման փաստը ՊՈԱԿ-ին չի մտահոգել։

2024թ․ հունվարի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, Տաշիրի անտառտնտեսության քանդված ջերմատների վնասի չափը գնահատելու, նորից վերակառուցելու նպատակահարմարության հարցերը քննարկելու նպատակով։ Հանձնաժողովի անդամներ են եղել նույն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ նախագահել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնակցել են անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը, գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, «Տաշիր» անտառտնտեսության մասնաճյուղի տնկարանի վարիչ Սարգիս Ալեքսանյանը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ՝

1․ ջերմատները քանդված են հիմնովին և ենթակա չեն հետագա շահագործման,

2․ Տաշիրի տարածաշրջանում հաճախակի կրկնվող ուժգին քամիների պատճառով ջերմատների վերակառուցումը նույն վայրում նպատակահարմար չէ։

Չնայած հանձնաժողովի այս արձնագրությանը, Տաշիրում արդեն իսկ սկսել են նորոգել ջերմատները՝ նույն վայրում։ Ռուբեն Վելիցյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել ջերմոցների կառուցումը և հանձնել Տաշիրի անտառտնտեսությանը։

«Տաշիր անտառտնտեսություն» մասնաճյուղի ջերմատներն առաջին անգամ քանդվելուց հետո վերանորոգվել են կապալառու կազմակերպության կողմից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման: Երկրորդ անգամ, Վարդան Ասլանյանի ասելով, վերանորոգումն իրականացվում է համատեղ՝ «Վէս-Գրուպ»-ի և ՇՄՆ ԾԻԳ-ի միջոցներով։

ՇՄՆ-ն այս հարցին այլ պատասխան է տվել․ «Ջերմատները երկրորդ անգամ վերանորոգելու համար ընթանում են բանակցություններ կապալառու կազմակերպության, տարբեր դոնոր կազմակերպությունների հետ՝ համատեղ ուժերով ջերմատները վերանորոգելու նպատակով»:

«Տաշիր անտառտնտեսություն մասնաճյուղի ջերմատների առաջին փլուզման պատճառները պարզելու նպատակով ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն, և, մասնագիտական եզրահանգմամբ, ջերմատները քանդվել են անոմալ քամիների պատճառով:

Երկրորդ փլուզման պատճառները պարզելու համար ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է հարցում քամու ուժգնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ այս անգամ ևս քամիները գերազանցել են 25մ/վրկ արագությունը՝ հասնելով շուրջ 37մ/վրկ 133կմ/ժ: Ջերմատների դիմադրողականությունը քամիներին կազմել է 90կմ/ժ:

Քամուց վնասվելուց հետո, ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել են խորհրդակցություններ ու քննարկումներ, որին մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի պատասխանատուները, և, հաշվի առնելով ջերմատների կարևորությունը Ծրագրի հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու գործում, հանձնարարվել է վերականգնել ջերմոցները»,- պատասխանել է ՇՄՆ-ն:

Որքան է արժեցել մեկ ջերմոցը

Համաձայն «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքած՝ պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի՝ ջերմատների կառուցման արժեքը կազմել է շուրջ 79 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի (շուրջ 200 հազար դոլար)։

Կառավարության որոշման հավելվածում երեք տիպի ջերմատուն է խրախուսվում, որոնց կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը գնահատվել են 1 քմ-ի հաշվով՝ 11850 դրամ, 24550 և 30 000 դրամ։

Վարդան Ասլանյանը հայտնեց, որ իրենց ջերմոցների կառուցման քառակուսի մետրը միջինում 26 հազար դրամ է հաշվարկվել։

Ստացվում է, որ 500 քմ տարածք ունեցող ջերմոցն արժեցել է շուրջ 13 մլն դրամ։

Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՇՄՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու ջերմոցների քանդման մեղավորներին։ Եթե այո, ի՞նչ ընթացք է ստացել դիմումը։

Նախարարությունը հայտնել է, որ իրավապահ մարմիններին չի դիմել, քանի որ ջերմատները վնասվել և քանդվել են եղանակային վտանգավոր երևույթների հետևանքով:

Կանաչ կլիմայի հիմնադրամի պաշտանական կայքում հրապարակված վերջին՝ 2022թ․ տարեկան հաշվետվությունից պարզ է, որ ծրագիրն ունի գորոծղությունների կատարման ուշացումներ, ինչպես նաև չկատարված գործողություններ։ Մասնավորապես, պետական անտառային ֆոնդի հողատարածքներում տնկման նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ 2022թ․ ծրագիրը բախվել է այն փաստի հետ, որ ընտրված տարածքներն այլևս հասանելի չեն եղել։ Ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է նոր տարածքների ընտրություն, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջվել՝ «աշնան զբաղված ժամանակացույցի և բյուրոկրատական գործընթացների հետևանքով»։

2022թ․ առաջին կեսին նախատեսված այլ գործողություններ նույնպես իրականացվել են ուշացումներով, ինչպես մեկնաբանված է հաշտվետվությունում, վարչական ընթացակարգերի պատճառով։ Այստեղ նշվում է ջերմատների կառուցման ուշացումների մասին, որոնց պատճառը գնումների կազմակերպման գործընթացի՝ հաշվարկվածից ավելի երկարատև լինելն է։

«Ջերմոցների փաստացի կառուցումն ունեցել է մի քանի անսպասելի խնդիր, որոնք պետք է շտկեր մրցութային կարգով ընտրված պատվիրատու ընկերությունը»,- ջերմոցների կառուցման և քանդման ողջ պատմությունն այսպես է արձանագրվել 2022թ․ տարեկան հաշվետվությամբ։

Աղբյուրը՝ Hetq.am