|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկման ընթացքում «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով նախորդ նստաշրջանի արդյունքները, հայտնեց, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի ժամանակահատվածում հրավիրված արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյաների ընթացքում: Ըստ նրա` նախորդ նստաշրջաններում ևս այդ միտումը եղել էր, սակայն 8-րդ նստաշրջանում բոլոր վտանգավոր միտումները, որոնց մասին նախկինում խոսվել է, շարունակել են պահպանվել և ավելի խորանալ:
«Հիմնական ահազանգը շարունակում է մնալ արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում օրենսդրական հիմնական օրենքների քվեարկության կազմակերպման բեռը արտահերթերի վրա թողնելը: Միշտ այդպես է եղել, մենք մեր նախորդ զեկույցում արձանագրել ենք, որ օրենքների մոտ կեսն ընդունվել է արտահերթերի ընթացքում, նախորդում արձանագրել էինք կեսից ավելին, այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել` արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյաների ընթացքում»,– ասաց Վասիլյանը։
Նրա խոսքով` 112 օրենքից 90-ն ընդունվել է արտահերթերի ընթացքում, ընդունված օրենքների 7 տոկոսն է միայն պատգամավորներինը:
«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավարը հավելեց, որ 8-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ 12 հանձնաժողովից 7-ը որևէ լսում չեն հրավիրել: Անփոփոխ է մնացել լռակյաց պատգամավորների թիվը խորհրդարանում` 70:
Լուսինե Վասիլյանի ամփոփ դիտարկմամբ` նստաշրջանի ընթացքում «ՀՀԿ-ն ամենակողմն է, «Ժառանգություն»-ը` ամենադեմը, ՀՅԴ-ն ամենաձեռնպահն է, ՀԱԿ-ն ամենաբացակայածն է, ամենաշատ չքվեարկածը ԲՀԿ-ն է, ամենաակտիվը` ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն է, ամենաշատ բացակայածը Գագիկ Ծառուկյանն է»: 5 պատգամավոր բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից: Նրանք են՝ Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը և Աշոտ Աղաբաբյանը:
Ի դեպ, քննարկմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նախորդ նստաշրջաններում պահպանում էր իր առաջատար դիրքերը` որպես ամենաակտիվ պատգամավոր՝ հաղթող ճանաչվելով նաև «Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավոր» անվանակարգում: Սակայն արդեն 8-րդ նստաշրջանում ամենաակտիվն ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: