Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում ռազմաքաղաքական իրադրությունը հասել է լարվածության գագաթնակետին, և դրա վառ ապացույցն են վերջերս տեղի ունեցած` պաշտոնանկությունները ԶՈւ և մյուս ուժային կառույցների հրամանատարական կազմերում: Կարծես, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, բայց ի՞նչն է նպաստել դեպքերի նման զարգացմանը:
Հավանաբար, այդ իրադարձությունների պատճառը վերջերս սոցցանցերում տարածված` Չինաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Յաշար Ալիևի «մասնագիտական գործունեության» վերաբերյալ խայտառակ տեղեկատվությունն ու տեսանյութն են: Նրա գիշերային հաճույքները մեզ չեն հետաքրքրում, սակայն չար լեզուներն ասում են, որ վերջերս պաշտոնանկ եղած գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և գեներալ-լեյտենանտ Մագերամ Ալիևը բարեկամական կապեր ունեն դեսպան Յաշար Ալիևի հետ, ով իր «գիշերային թիթեռնիկների» հետ քննարկել է Չինաստան այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության գերատեսչության գաղտնի տեղեկությունների տարածման վերաբերյալ հարցեր:
Պետք է նշել, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարեցին, այսպես կոչված, «հայկական հետախուզական ցանցի» բացահայտման մասին: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ ավելի քան 60 զինծառայող, որոնցից 8-ը, չդիմանալով կտտանքներին, մահացել և արդեն առանց հարազատների մասնակցության հուղարկավորվել են անանուն գերեզմանատներում` որպես դավաճաններ:
Անվտանգության ոլորտի ադրբեջանցի փորձագետները հայտարարում են, որ դեռևս գոյություն ունեն «հայկական հետախուզական ցանցի» շատ անդամներ, որոնք գործում են Տեր-Տերում, ինչը խուճապ է առաջացնում տեղի բնակչության շրջանում: Ենթադրենք, որ գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և գեներալ-լեյտենանտ Մագերամ Ալիևը ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այդ «հայկական հետախուզական ցանցի» հետ: Սա նշանակում է, որ նրանք ՀՀ հատուկ ծառայությունների գործակալնե՞ր են, այսինքն` նրանք իմացել են «հայկական հետախուզական ցանցի» գոյության մասին, սակայն ոչինչ չե՞ն ձեռնարկել: Ինչո՞ւ:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում Հայաստանի անունը չէր նշել: Հայտարարությունը, թե «կան գերտերություններ, որոնք որոշակի հետաքրքրություն ունեն Ադրբեջանում և Կովկասյան տարածաշրջանում» արվել էր սպասվելիք պաշտոնանկություններն արդարացնելու համար: Որպեսզի այդ պաշտոնանկությունները մեծ արձագանք չառաջացնեն, սպասելի է, որ, որպես պատճառ, կնշվեն տարիքային ցենզը կամ վատ առողջական վիճակը:
Ամենայն հավանականությամբ, նախագահը ստիպված կլինի արմատական փոփոխություններ անել նաև ՊՆ ղեկավարությունում՝ աչքի առջեւ ունենալով անցյալ տարի Թուրքիայի ԶՈՒ գեներալների՝ զինված հեղաշրջում կատարելու փորձը: Որոշ տեղեկություններով` վերջիններս մտերիմ հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ: Որոշ ընդդիմադիր ռազմական փորձագետների գնահատականով` Թուրքիայից հետո հեղաշրջում պետք է իրականացվեր նաև Ադրբեջանում: Իսկ Վահիդ Ալիևն այն մարդն է, ով առաջարկել էր նախագահին Հասանովի թեկնածությունը և անձամբ զբաղվել ՊՆ-ի կադրային քաղաքականությամբ:
Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ, որպես թույլ օղակ, այդ շղթայում հանդես է գալիս Զաքիր Հասանովը, ով Ադրբեջանի նախագահի բացակայության ժամանակ, 2016-ին սկսեց ապրիլյան մարտերը և հաջողության դեպքում կարող էր հեղինակություն ձեռք բերել ու ապագայում ստանալ նախագահի պաշտոնը:
Հաշվի առնելով Ադրբեջանում առկա տոտալիտար ռեժիմը` «հայկական հետախուզական ցանցի այլ անդամների» ձերբակալությունները կշարունակվեն: Հակառակ դեպքում` Ալիևը ստիպված կլինի լքել պաշտոնը:
Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն իսկապես բացահայտել են «հայկական հետախուզական ցանց», ապա Հայաստանի հատուկ ծառայությունները մանիպուլյացիայի են ենթարկում Ադրբեջանին:
Ադրբեջանի իշխանությունները խառնաշփոթի մեջ են և անբացատրելի քայլեր են ձեռնարկում «հայկական հետախուզական ցանցի» գործակալների բացահայտման ուղղությամբ: Այդպիսով` բնակչությունը ներկայումս չի կարողանում հեռախոսով մուտք գործել Facebook, Skype և WhatsApp: Դա չի արվել այն բանի համար, որ «հայկական հետախուզական ցանցի գործակալները» չկարողանան խոսել իրենց ղեկավարների հետ, այլ ավելի շուտ այն բանի համար, որ ադրբեջանցի օգտատերերն օգտվեն հայկական Zangi հավելվածից և իշխանություններին ոչ հաճո անձանց քրեական պատասխանատվության ենթարկեն ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:
Բ. Գասպարյան